Եթե պայմանագրերում լինեն խախտումներ, մենք կվերանայենք դրանք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10–ին, Երեւանի ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Մենք պետք է հարգենք օրենքը, բայց եթե պայմանագրերն ու պայմանները խախտվում են, եւ դրանից տուժում են մեր բնակիչները, վերանայելու ենք պայմանագրերը»,– ասաց նա։
Անդրադառնալով տրանսպորտի խնդրին, Հայկ Մարությանը հիշեցրեց, որ դրա համար նախկինում նախագիծ է կազմվել, այդ ծառայության համար էլ վճարվել է Երեւանի բյուջեից. «Նախ կուսումնասիրենք, թե ինչքանով է դա համապատասխանում պահանջներին, եթե կհամապատասխանեն, ապա մեր շտկումները կանենք եւ կիրագործենք այդ նախագիծը»։
Հարցին՝ արդյոք մինչեւ իր պաշտոնավարման ավարտը կլուծվի մայրաքաղաքում տրանսպորտի խնդիրը, Հայկ Մարությանը. «Այո, վստահ եմ, որ կլուծվի»։











