Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր նկատմամբ համաներումը կիրառվի, թե՝ ոչ։ Այս մասին NEWS.am–իհետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը։
Նա նշեց, որ իրենց համար ընդունելի է համաներման վերաբերյալ օրենքի նախագծի ներկայացված տարբերակը։
«Կարծում եմ բոլորը ողջամիտ կլինեն եւ կհասկանան, որ պետք է այդ ճանապարհով գնալ եւ, եթե արդարություն որոնելու ցանկություն կա, ապա դրանից հետո կարելի է արդարություն որոնել»,–ասաց նա։
Վարուժան Ավետիսյանը նշեց, որ իրենց համար միեւնույն է, թե ինչ եղանակով կազատվեն պատժից.
«Մեզ համար միեւնույն է, թե ռազմագերու կարգավիճակյից ինչպես ենք դուրս գալու։ Մենք ապստամբել ենք, իրավունք չենք խախտել, մենք կատարել ենք մեր քաղաքացիական պարտքը եւ հայտնվել ենք ռազմագերու կարգավիճակում»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ համաներման մասին օրենքի նախագծով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, ովքեր չեն մեղադրվում սպանություն կատարելու մեջ եւ եթե համաներման դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ ֆիզիկական վնաս կրած տուժողները:











