ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը «ռեյտինգային» ընտրակարգով կառաջադրվի Շիրակի մարզից։ Այս մասին նա ասաց NEWS.am-ի հետ հարցազրույցում։

Մրցապայքարից չի վախենում, որովհետեւ 1990 թ–ից է մասնակցում համապետական ընտրությունների։

Նախ՝ Գերագույն խորհուրդ, 4200 ձայնից հավաքել է 3700–ը,  1999–ին ԱԺ պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով, համամասնական ընտրակարգով 2 անգամ անցողիկ տեղում է եղել ԲՀԿ ցուցակում, բայց նախընտրել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի աշխատանքը, 2017 թ–ին արդեն նոր Ընտրական օրենսգրքով՝ «ռեյտինգային» ընտրակարգով, Շիրակի մարզից ընտրվել է պատգամավոր. «Այնպես որ, փառք Աստծո, ունեմ փորձ»։ 

Վարդեւան Գրիգորյանն ասում է՝ ադմինիստրատիվ մեծ լծակներ նախկինում էր չի ունեցել. սպորտ բաժնի վարիչ է եղել, ֆակուլտետի դեկան։ Գյումրեցին գնահատել է իր արժեհամակարգը եւ այդ հարցում որեւէ բան չի փոխվել. «Չի եղել խնդիր, որին չարձագանքեմ, հետեւից չգնամ, բարեխիղճ աշխատել եմ, ընկերական հարաբերությունները պահել»։

Նրանց ընտանիքը Գյումրիում ամենամեծերից է եղել՝ 40 անձով մի հարկի տակ են ապրել. «Հիմա ավանդույթները պահպանվել են, բայց 40 անձով չենք ապրում, տղայիս ընտանիքի հետ եմ ապրում»։

Վարդեւան Գրիգորյանը համաձանեց, որ ճիշտը 40 անձով ապրելն է՝ գուցե ավելի հետաքրքիր էր, բայց տարիքի հետ ուզում է հանգիստ լինել՝ երեխաների աղմուկը կարող է խանգարել։

Հեղափոխության ժամանակ քայլած եւ այժմ պաշտոն պահանջող երիտասարդներին ընկալումով է վերաբերվում. «Սերնդափոխությունն անխուսափելի է, գալիս է մի պահ, երբ դա դառնում է անհրաժեշտություն»։

Այդ դեպքում ինչո՞ւ է առաջադրվում՝ դաշտը երիտասարդներին թողնելու փոխարեն, Վարդեւան Գրիգորյանը հստակ պատասխան ունի. «Իմ առաջադրվելը, մասնակցելը ԲՀԿ խորհրդի որոշումը կարող է լինել»։

Իհարկե, իր կամքին հակառակ չի լինի, իր ցանկությունն էլ հաշվի են առել։

Վարդեւան Գրիգորյանն ասում է՝ Շիրակի քաղաքական դաշտում վերջին տարիներին ԲՀԿ–ն լուրջ հայտ էր ներկայացրել, հեղափոխությունից հետո պատկերը փոխվեց, բայց ժողովուրդի իրենց դեռ վստահում է։ Թեեւ Գագիկ Ծառուկյանի բարեգործական ծրագրերը շարունակվում են, Վարդեւան Գրիգորյանը վստահ է, որ իրենց թիմին դրա՛ համար չեն ձայն տալու. «Ոչ միայն այդ բարեգործությունն է հաշվի առնվելու, այլեւ Գագիկ Ծառուկյանի եւ կուսակցության գործունեությունը»։

ԲՀԿ վարկանշային ցուցակով՝ նույն ընտրատարածքում, կառաջադրվի նաեւ Վարդան Ղուկասյանը։ Նախորդ ընտրություններին էլ Վարդեւան Գրիգորյանի հետ միասին են մասնակցել՝ մեկը մյուսին չեն խանգարել, երկուսն էլ մտել են Ազգային ժողով։