Մեր հանրապետության անկախության ողջ պատմության ընթացքում երբեք մարտահրավերները այսքան լուրջ չեն եղել եւ նրանց քանակն այսքան շատ չի եղել։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դավիթ Շահնազարյանը, ով առաջադրվել է ՀՀԿ–ի ցուցակով։

Շահնազարյանը նշեց, որ թեեւ դրանք բավականին շատ են, ինքը կանդրադառնա մի քանիսին։ «Տեղի ունեցավ համաներում, աննախադեպ իրավական ակտ, որը, վստահ եմ, մարդկության պատմության մեջ նման բան չի եղել։ Համաներումը, դա արդարադատության ինստիտուտ է , պետությունն ինքն իր իրավունքները զիջում է մասնավոր անձանց՝ զոհվածների հարազատներին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվել։ Ի նկատի ունեմ, երկու տարի առաջ ոստիկանական գնդում տեղի ունեցած ահաբեկչական գործողության իրականացնողներին։ Դա առաջին  հերթին գործողություն էր պետության դեմ, բայց քանի որ այսօրվա գործող վարչախմբի պարագլուխը հայտարարում է, ըստ էության այդ բառերը չի ասել, որ ինքը պետությունն է, ինքն ասում է նոր պետություն եմ, նախկին պետության նկատմամբ կրակել եք, բայց մենք նոր պետություն ենք։ Ավելին, ինքը հայտարարում է, որ ժողովուրդը  ես եմ, չնայած արդեն պարզ է, որ դա այդպես չէ։ Այսինքն, ոչ միայն ներում է պետության վրա արձակած կրակոցները, համարելով, որ դա  իր գործն է, այլեւ՝ ասում է, որ այդ հանցագործությունը կատարողների համաներումը պետք է ընդունեն զոհված ոստիկանների հարազատները, այն ոստիկանների, որոնք պետության վրա արձակած կրակոցները ընդունեցին իրենց վրա։ Պատկերացնում եք՝ ինչքան թույլ պետք է լինի պետությունը, որ արդարադատության իրականացումը հանձնի մասնավոր անձանց»,– նշեց Շահնազարյանը։

Նրա գնահատմամբ՝ այդ մարդկանց ազատ արձակելը «ուղղակի լրջագույն հարված էր ողջ իրավապահ համակարգի արժանապատվությանը». «Ոստիկանությունը երբեք չի եղել այսքան թույլ  եւ նվաստացված իշխանության կողմից։ Եւ այսօրվա ոստիկանապետն այս մասին առնվազն պետք է մտածի։ Սա ուղղակի արժանապատվության հարց է։ Եւ կարեւորագույն խնդիրներից մեկը, ինչը որ ի զօրու չէ  անել ներկայից իշխանությունը եւ մենք եւ մեր գործընկենրն ենք վերցնում մեզ վրա, դա արժանապատվության վերականգնումն է. իշխանության կողմից թուլացած պետականություն»։