Մշակույթի ոլորտում այնքան բան կա անելու, որ եթե 24 ժամ աշխատենք՝ 10 տարի կպահանջվի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում 8–րդ հորիզոնականը զբաղեցնող Լիլիթ Մակունցը։
Մամուլի հրապարակումները, թե ՔՊ–ն Մշակույթի նախարարի նոր թեկնածու ունի եւ իրեն ոչինչ չի մնում, քան պատգամավոր դառնալ, Լիլիթ Մակունցը հակադարձեց. «Իհարկե, չկա նման բան, ես ընդամենը գտնվում եմ արձակուրդում, գործնական արձակուրդում, որովհետեւ անցկացնում եմ քարոզարշավ, որեւէ այլ բան չկա, ես չգիտեմ որտեղից են ասեկոսեները, ուղղակի ժպտում եմ»։
Հեղափոխությունը, նրա համոզմամբ, կարեւոր էր, որովհետեւ ժողովուրդը հասկացավ, որ սեփական ուժերով կարող է փոխել իշխանությունը։
«Սա շատ, շատ մեծ նվաճում է ցանկացած ժողովրդավար պետության համար։ Իրականում իշխանությունները պարբերաբար փոխվելու են, եւ հեղափոխությունը կարեւոր էր այն իմաստով, որ ժողովուրդը հասկանում է, որ այդ իշխանության փոփոխությունը եւ երկրի զարգացման ուղին կախված է միայն իրենց ընտրությունից»,– ասաց Լիլիթ Մակունցը։
Նա նշեց, որ իբրեւ նախարար իր համար խնդիր է դրել ֆունդամենտալ եւ երկարաժամկետ նախաձեռնություններ իրականացնել, նաեւ զբաղվել խորքային այն խնդիրներով, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստանում։
«Խոսքը, մասնավորապես, Երկրագիտական թանգարանի, Մնջախաղի թատրոնի մասին է, աբոնեմենտային ծրագրի մասին է, սոցիալական շերտերին անդրադառնալու, մասնավորապես, կենսաթոշակի տարիքի անձանց ուշադրության կենտրոն բերելու մասին, հուշարձանների հանդեպ հստակ եւ կոշտ քաղաքականություն որդեգրելու մասին»,– ասաց նա։
Նա նկատեց, որ մշակույթի ոլորտում այնքան բան կա անելու, եթե օրը 24 ժամ աշխատի՝ 10 տարի նույն կերպ կաշխատի. «Ոչ միայն այն պատճառով, որ խնդիրներն են շատ եւ կուտակված են, այլ որ իսկապես ունենք հարուստ մշակույթ, դրա պահպանության խնդիրը կա ու նաեւ նորովի ներկայացնելու, հանրահռչակելու, նոր մոտեցումներ ցուցաբերելու, զարգացնելու»։
Մակունցն ասաց, որ նախարարի աշխատանքը բավականին բարդ է, և կարծրատիպը, թե վայելք է, իր համար մի փոքր վիրավորական է։
«Շատ դժվար աշխատանք է, բայց նաեւ մշակույթի ոլորտում հետաքրքիր է, շատ բան եմ սովորել այս ընթացքում։ Ընդ որում, ոչ միայն մշակույթի ոլորտի հետ կապված, այլ նաեւ քաղաքական, պետական համակարգում աշխատելու առումով»,– ասաց նա։
Իր աշխատած ամիսներից դրական անակնկալն այն է, որ իրեն երբեն հաջողվել է անել գործեր, որոնց մասին տարբեր կողմերից լսել է, որ անհնար է։
«Եղել են նաեւ բացասական անակնկալներ, երբ չես սպասում, որ մշակույթի ոլորտում կարող են տեղ գտնել նման երեւույթներ։ Այդ երեւույթները ինձ շատ մտահոգել են, օրինակ, մշակույթի ոլորտում գործիչների փոխհարաբերությունների հետ կապված, միմյանց վերաբերվելու հետ կապված, ոլորտը զարգացնելու պատկերացումների կերպի հետ կապված, այդ առումով նաեւ բացասական անակնկալներ եղել են, բայց ամեն ինչ նորմալ է»,– ասաց նա։
Լիլիթ Մակունցը պատասխանեց նաեւ NEWS.am–ի բլից հարցմանը.
Նրա սիրած՝ թատերական ներկայացումը. «Ոտքի դատարանն է գալիս», օպերային ներկայացումը. «Մանոն», բալետի պարողը կամ պարուհին. Վահագն Մարգարյան, գիրքը. Կունդերայի «Ծիծաղելու եւ մոռանալու գիրքը», հուշարձանը. Արամ Խաչատրյան, քաղաքը. Երեւան։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։











