Մարտի 1–ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը դեռ չի հայտնաբերվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28–ին, լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Տեղեկություններ չկան»,– ասաց գլխավոր դատախազը։
Նա հայտնեց նաեւ, որ Միքայել Հարությունյանի քաղաքացիության վերաբերյալ ստուգումները շարունակվում են։ Դիտարկմանը, թե Ռուսաստանը հայտարարում է, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է եւ չեն պատրաստվում նրան հանձնել Հայաստանին, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Ռուսաստանը պաշտոնապես ոչ մի բան մեզ չի ասել»։
Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել 2008 թվականի մարտին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Ավելի ուշ ռուսական ԶԼՄ-ները հայտնեցին, որ ռուսական կողմն իր տարածքում դադարեցրել է Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, իսկ Ռուսաստանը չի պատրաստվում նրան հանձնել Հայաստանին։











