Ցանկացած զինված հակամարտության հիմնական խնդիրը ռազմական գործողությունների կանխարգելումն է: Այս մասին Երեւանում Լազարյան ակումբի նիստի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

ԼՂ հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն է, մնացածը բխում է հակամարտությունից:

Կազիմիրովը նշեց, որ հակամարտությունը ունի երկու հիմնական առանձնահատկություն: Հետխորհրդային տարածքում այն ավելի մեծ նախապատմություն ունի, քան այլ հակամարտությունները: Դեսպանը նշեց Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու 21 թվականի վիճահարույց որոշման, այս որոշումը վերանայելու փորձերի, եւ այն մասին, որ երբ սկսվեց վերակառուցումը, շատ հայեր պատեհ պահ համարեցին ԼՂԻՄ-ի մասով ԽՍՀՄ-ի կառուցվածքի վերանայումը:

Աստիճանաբար, հակամարտությունը քաղաքականից վերածվեց ռազմականի: Պատերազմը երկու կողմի համար դաժան հետեւանքներ ունեցավ: Վլադիմիր Կազիմիրովը հիշեցրեց, որ 91 թվականից սկսած Ռուսաստանն ու որոշ ժամանակ Իրանը միջնորդ դարձան կարգավորման գործընթացում, ապա միացավ Մինսկի խումբը: «Կես տարուց կլրանա Ղարաբաղում հրադադարի 25 տարին», - հայտարարեց դեսպանը:

Երկրորդ առանձնահատկությունը հակամարտության անսովոր  կոնֆիգուրացիան է: Մյուս բոլոր հակամարտություններում երկու կողմ կա,  այստեղ՝ 3, քանի որ ԼՂ-ն ինքն իրեն որպես կողմ եւ մասնակից է առաջարկել: Ուրախալի է, որ միջնորդները ԼՂ հարցով ի հեճուկս այլ տարաձայնությունների համեմատաբար ներդաշնակ են աշխատում:

Նրա խոսքով, պաշտոնական Բաքվի դիրքորոշումը փակուղի է ստեղծում: Նրանք նախ եւ առաջ պահանջում են «օկուպացված տարածքների» վերադարձը`5-ից մինչեւ 7 շրջանի: Բաքուն տարածքների ազատագրման դիմաց պատրաստ չէ զիջումների: Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն փաստացի դառնում է չլուծված հակամարտության կողմնակից:

Առաջընթացի բացակայությունը յուրովի ձեռնտու է Բաքվին՝ թույլ տալով միջադեպերի միջոցով հայրենասիրություն եւ համանախագահների առաջարկությունների մերժումը ցույց տալ: Համանախագահների փորձերը խլանում են Բաքվի դիրքորոշման պատճառով: Ի հակադրություն՝ Հայաստանը գնում էր զիջումների որոնմանը, բայց պարտադիր բացառելով ուժային լուծումը: