Մի պատգամավորի առնչվող և մի թղթի պատճառով ձգձգվող կոռուպցիոն գործի մանրամասներն այսօր հայտնի դարձան․ պատգամավորը, որի մասին դեռ հոկտեմբերին Փաշինյանը խոսել էր խորհրդարանում՝ այդպես էլ չկոնկրետացնելով, թե ում նկատի ունի, Արամ Հարությունյանն է՝ Հանրապետական խմբակցությունից։ Ըստ հատուկ քննչական ծառայության՝ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ Հարությունյանը 2008-ին, երբ բնապահպանության նախարար էր, հանքերի հատուկ լիցենզիաների համար ոմն Ս. Հ.-ից պահանջել եւ միջնորդավորված ստացել է 14մլն դոլար կաշառք: Գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել Ազգային ժողովին, Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և կալանավորման միջոց կիրառելու համար

Խոշոր կաշառքի լուրը դարձավ նաև քարոզչական օրվա գլխավոր թեման։ Նիկոլ Փաշինյանը Արարատում քարոզարշավի ժամանակ սա ապացույց համարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարելու են հետևողական, նաև պատմեց, թե այդ ինչ թուղթ էր՝ առանց որի գործը չէր ամբողջանում։ 

Ըստ Փաշինյանի, արդեն մտավախություններ կան, թե հանրապետականը կարող է բոյկոտել Ազգային Ժողովի նիստը, որը պետք է քննարկի Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Այս գործը այլ սցենարի մեջ է տեսնում Շարմազանովը, ըստ նրա՝ քանի որ երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը, ՀԱՊԿ-ում ձախողած Փաշինյանը, որպեսզի կոծկի խայտառակությունը, սկսել է ասֆալտին փռելու սերիալի հերթական մասը։ 

Տավուշում քարոզչություն անող Վիգեն Սարգսյանը դեպքեր հիշեց, որ ինքն էլ կաշառք վերցնող մի քանի հոգու ձեռք է բռնել, բայց ոչ ցուցադրական։ 

Փաշինյանի հակակոռուպցիոն պայքարն Աշոտյանը մեծ շոու համարեց, որի նպատակն է ահաբեկել մրցակիցներին, բայց ըստ նրա՝ իզուր ջանքեր են, քանի որ ժողովրդի աչքերը բացվում են, մտահոգվածները շատանում։ 

Աշոտյանի ասած՝ աչքերը բացված մի գյուղացու Պառավաքարում հանդիպեց Էդմոն Մարուքյանը։ Նա դժգոհում էր քայլ արած հողագործին դիրեկտոր դարձնողներից։ 

Եվ քաղցրավենիք՝ խոստումների փոխարեն․ «Մենք» դաշինքի թեկնածուները քարոզչական օրն անցկացրին կեքս բաժանելով։ 

Դոլարը աննշան էժանացել է, փոխարժեքն այսօր կազմել է 485 դրամ։ Եվրոն 551 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 619, ռուսական ռուբլու արժեքը 7 ու 30 դրամ է։

Հայաստանում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:  Նույնը կանխատեսվում է նաև Երեւանում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +10+12 աստիճան: