Մենք դիրքորոշումների տարբերություն չունենք, մենք արդեն հայտարարել ենք եւ ես վերահաստատում եմ, որ ստացել ենք դատական ակտը, համաձայն չենք այդ դատական ակտի հետ եւ մեր հիմնավորումներով պատրաստվում ենք բողոքարկել այն: Այս մասին, հայտարարեց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշման դեմ բողոքող ցուցարարների հետ հանդիպման իջած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ բողոքը մուտք լինի վերաքննիչ դատարան: Մինչեւ այսօր աշխատանքային օրվա ավարտը մուտք կլինի վերաքննիչ դատարան»,-ասաց Արթուր Դավթյանը:
Նա ընդգծեց, որ օրեսդրության համաձայն վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի կայացրած ակտի ստուգումն իրականացնում է նյութերը ստանալու օրվանից հետո 3 օրվա ընթացքում,. «Այսինքն որ օրը ստանա նյութերը, դրանից երեք օրվա ընթացքում կնշանակի նիստ, որի ընթացքում կստուգվի առաջին ատյանի դատարանի ակտի օրինականությունը, հիմնավորվածությունը: բողոքը ներկայացնող մեր դատախազները կմասնակցեն նիստին, կներկայացնեն մեր հիմնավորումները»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։
Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:











