Մեր ծառայությունը Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել քաղաքացիների կողմից բողոքի մի ամբողջ փաթեթ, ինչպես նաեւ մայրաքաղաքի փողոցներում անօրինական առեւտրի մասով մեր մտահոգությունները։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։
Միաժամանակ, նա նշել է, որ փողոցային առեւտուրը իրենց ծառայության լիազորությունների շրջանակում չէ, քանի որ այդ հարցով պետք է զբաղվեն քաղաքապետարանն ու ոստիկանությունը։
«Փողոցում վաճառվող սննդամթերքը, առանց հատուկ փորձարկում անցկացնելու, կարելի է ասել, որ մարդու առողջության համար վտանգավոր է՝ լինի դա միս, ձուկ թե մեկ այլ բան։ Եթե դա վաճառվում է փողոցում, արդեն իսկ վտանգ է ներկայացնում։ Մթերքի այդ տեսակները նույնիսկ ստուգման տանել էլ պետք չէ, քանի որ դրա կարիքը չկա։ Դրանցում անպայման մի բան կգտնվի։ Բացառված է, որ դրանցում որեւէ բան չլինի»,–շեշտել է մամուլի քարտուղարը։
Նա հավելել է, որ կառույցը իրավունք ունի ստուգել եւ վերահսկել միայն տնտեսվարող սուբյեկտներին, սակայն չունի այնպիսի մեխանիզմներ, որոնցով կարողանա ստուգել մասնավոր վաճառքով զբաղվողներին, այսինքն՝ մարդկանց, որոնք փողոցային առեւտրով են զբաղվում։
Ի պատասխան հարցին, թե քաղաքացիների կողմից եղել են արդյոք վերջին ամիսներին մայրաքաղաքը «հեղեղած» փողոցային առեւտրին առնչվող բողոքներ, Անուշ Հարությունյանը խոստովանել է, որ վերջին մի քանի շաբաթը բողոքների թիվը իսկապես կտրուկ աճել է. «Մենք ամեն երկուշաբթի քաղաքապետարան ենք ուղարկում կուտակված բողոքները, եւ դրանց մեծ մասը առնչվում է փողոցային առեւտրին»,–նշում է ՍԱՊԾ մամուլի քարտուղարը՝ կոչ անելով քաղաքացիներին փողոցներից առողջության եւ նույնիսկ կյանքի համար վտանգավոր մթերք չգնել։
Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ըստ էության, փողոցային առեւտուրն անթույլատրելի է, քանի որ այն անօրինական է, սակայն Երեւանի քաղաքապետարանը ստիպված էր փողոցային առեւտուր իրականացնող քաղաքացիների ընդառաջել, քանի որ նրանք անընդհատ դիմում էին իրենց դրության մեջ մտնելու խնդրանքով եւ հորդորում էին, թույլ տալ իրենց վաճառել արդեն ձեռք բերված ապրանքը:
«Այդպիսի առեւտուր իրականացնող մարդիկ, տարբեր միջոցներով դիմելով քաղաքապետարանի տարբեր կառույցներին, խնդրում էին իրենց վրա ճնշում չգործադրել, ուստի նման երեւույթի դեմ պայքարը այն ինտենսիվությամբ չի կատարվում, որով կարող էր իրականացվել:
Պարզապես մարդիկ դեկտեմբերին արդեն ձեռք են բերել որոշակի ապրանք, եւ մենք չենք ուզում, որ մեր քաղաքացիները վնասներ կրեն եւ ծանր ֆինանսական դրության մեջ հայտնվեն»,-հավելեց Կարապետյանը՝ չպարզաբանելով, թե ինչու Երեւանի բնակիչներ չհանդիսացող առեւտրականներին արդեն կես տարի է թույլ են տալիս մայրաքաղաքի փողոցներում ապօրինի վաճառք իրականցնել եւ ինչ կապ ունի նրանց կողմից դեկտեմբերին գնված ապրանքը:
Միեւնույն ժամանակ նա հավաստիացրեց, որ ամանորյա տոներից հետո այս երեւույթի դեմ պայքարը կսաստկանա: Ճիշտ է՝ Կարապետյանը դժվարացավ տվյալ խնդրի լուծման համար կոնկրետ ժամկետ նշել՝ ասելով միայն, որ դրա համար ժամանակ կպահանջվի:
«Հստակ սահմանված ժամկետներ մենք չունենք: Սակայն հունվարի 1-ից հետո այլեւս ոչ մի մեղմացում չի լինելու», - հավաստիացրեց քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ խոստովանելով, որ ապօրինի փողոցային առեւտուրը քաղաքի եւ բնակիչների համար բազմաթիվ լրացուցիչ խնդիրներ է ստեղծում: Մասնավորապես, ամենանշանակալի խնդիրներից մեկը մայրաքաղաքում հակասանիտարական պայմանների ստեղծումն է, ինչպես նաեւ տրանսպորտի եւ հետիոտների երթեւեկության խոչընդոտները, իսկ դա անթույլատրելի է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր լուծել ապօրինի փողոցային առեւտրի հարցը, որը թավշյա հեղափոխությունից հետո ծաղկում է ապրում Երեւանի փողոցներում: Դեկտեմբերին սակայն իրավիճակը կտրուկ վատթարացավ եւ այժմ փողոցներում, հատկապես կենտրոնում, ինչպես 90-ականներին անմիջապես ոտքերի տակ վաճառվում են անգամ առանց սննդային թաղանթի ծածկված եւ արտանետվող գազերով «պարարտացվող» մթերքներ, որոնք օգտագործելուց առաջ անհնար է լվանալ:











