Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին՝ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին, Ճանապարհային ոստիկանությունը այս տարի էլ շուրջօրյա ուժեղացված ծառայություն է կատարելու հանրապետության ողջ տարածքում։

Ճանապարհային ոստիկանությունը ողջ ծավալով եւ ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները՝ ակնկալելով նաեւ քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու օժանդակությունը:

Հարգելի վարորդնե՛ր, հիշեք, որ պատասխանատու եք ձեր եւ երթեւեկության բոլոր մասնակիցների համար: Անխոհեմ արարքով մի վտանգեք ձեր եւ այլոց կյանքն ու առողջությունը: Մեքենա վարելու դեպքում բացառեք ոգելից խմիչքի օգտագործումը:

Ուժեղացված ծառայության ընթացքում ներողամտություն չի դրսեւորվի հատկապես անսթափ վարորդների հանդեպ. կարգազանցը կենթարկվի պատասխանատվության, իսկ ավտոմեքենան կտեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Ճանապարհային ոստիկանությունը կրկին կոչ է անում պահպանել Տոնի լուսավոր խորհուրդը, բոլոր օրենքների տառն ու ոգին, հարգանքն ու հոգատարությունը միմյանց հանդեպ:

Շնորհավորում ենք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ապահով տարի։