Դավադրաբար ԱԺ ՀՀԿ խմբակցության հետ գաղտնի պայմանավորված օրենք կիրառեցին եւ նվիրատվություն տված 2-րդ, 3-րդ մեքենաները տուգանքի ենթարկել եւ այդ բոլոր տուգանքների նամակները ուղարկվել են ընտրություններից 20 օր առաջ: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, կառավարության դիմացող ավտոներկրողների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, սա դավադրություն է, որը պետք է քննարկի ԱԱԾ-ն: «Նման տուգանքներ տալով նշանակում է բարեկամներին, հարազատների հրահրել իրար դեմ տուգանքների համար: Դավադրություն է, որ հունվարի 8-ին նոր տեղեկանում ենք մաքսային նոր գների մասին: ՊԵԿ-ի նախագահը, քանի որ ունի 4-5 ինստիտուտի դիպլոմներ, կամ ինքն անգրագետ է կամ դիտավորյալ հայտարարեց Վրաստանից ներկրվող մեքենաների հսկիչ գների բաց թողում: Եթե մարդիկ մեքենան մաքսազերծեցին 2500 դոլար, մեկ ուրիշն էլ մաքսազերծեց 50 դոլարով: Մեկ մլն դրամի վնաս հասցվեց ավտոներկրողներին, 1,5 ամիս գները չէին ուղղում: Սա եւս դավաճանություն է եւ մենք պահանջում ենք ՊԵԿ նախագահի հրաժարականը»,- հայտարարեց Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նա բիզնես-ցեղասպանություն է իրականացնում:
Մեկ այլ ցուցարար էր դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Երբ ձեր միտինգների ժամանակ հայտարարում էիք՝ ժողովուրդ, դուրս եկեք փողոց, մենք չէիք արհամարհում ձեզ: Իջեք մեր հարցերին պատասխան տվեք, մենք էլ գնանք մեր աշխատանքին»:
Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ իրենք ճանապարհ չեն փակում, բայց ստիպված են կիրակի հյուր գնալ Փաշինյանին. «Բոլորս կիրակի օրը շուկայից հետո գալիս ենք անցած տոները շնորհավորենք: Պարոն Փաշինյան, մենք ձեր ընկերներն ենք եւ կիրակի հյուր ենք գալիս ձեզ»,-ասաց նա:
Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ վարչապետ, վարչապետ:











