Բանակի օրվա առթիվ, Հանրապետության Նախագահի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած խի¬զա¬խու¬թյան եւ նվիրումի համար մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգեւներով:
Զինված ուժերի շարքային զինծառայողներ Մհեր Հովսեփյանը, Արամ Ճաղարյանը եւ սերժանտ Հայկ Քարամյանը հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգեւները եւ հանդես եկել ելույթով, որտեղ մասնավորապես, նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,
Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Սիրելի՛ զինվորներ եւ սպաներ,
Հարգելի՛ հայրենակիցներ,
Հպարտության խորին զգացումով այսօր միասին նշում ենք Բանակի օրը, որի առթիվ շնորհավորում եմ բոլորիս:
Այն, ինչ այսօր զգում ենք այս մեծ տոնի առթիվ, առաջին հերթին հպարտությունն է, հպարտություն մեր անվտանգությունը եւ խաղաղությունը պաշտպանող բանակի հանդեպ:
Մեր բանակի ծնունդը պարզ չի եղել, բանակի ծնունդը կարելի է նմանեցնել Վահագնի ծննդին:
Հայկական բանակը նույնպես ծնվեց երկունքի միջոցով, բարդ ու ծանր ժամանակներում, ծնվեց կրակից, անհրաժեշտաբար: Եվ ինչպես Վահագնը, նա նույնպես պայքարեց հանուն ազատության, հայրենիքի եւ հաղթանակի:
Մեր բանակը նվիրյալ կամավորի ու պրոֆեսիոնալ զինվորականի, շարքայինի ու հրամանատարի, պետական ու քաղաքական գործչի, մտավորականի ու աշխատավորի, հայաստանցու, արցախցու եւ սփյուռքահայի համատեղ ջանքի, ոգու եւ կամքի արդյունք է: Կարճ ժամանակում նա դարձավ ամենակազմակերպվածն ու մարտունակը տարածաշրջանում, եւ մենք ունեցանք բազում մեծ հաղթանակներ եւ լեգենդար հերոսներ:
Թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, որոնց շնորհիվ ստեղծվեց, կայացավ ու հզորացավ մեր բանակը:
Խոնարհվում եմ այն մարդկանց հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքին, երկրին, մեր ժողովրդին ու բանակին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Նոր ժամանակների բանակը, որպես կյանքի ինքնատիպ դպրոց ու համալսարան, պետք է նաեւ դաստիարակի ժամանակի քաղաքացուն, մեր տղաներին ու աղջիկներին, կյանքի ուղեգիր տա նրանց:
Անկախ ծառայության տեսակից, անկախ տարիքից, զինծառայողը բանակում հմտություն ու փորձ է ձեռք բերում, դառնում ավելի կազմակերպված ու կարգապահ մարդ: Նա բանակի միջոցով նաեւ առաջին շփումն է ունենում իր սեփական պետության հետ: Շատ կարեւոր է, որ այդ շփումը լինի ոգեւորող, հույս ու հավատ ներշնչող:
Բանակն իսկապես հասարակության հայելին է: Եվ եթե հասարակության, պետության մեջ քայլեր են ձեռնարկվում բացասական երեւույթների վերացման, բացառման համար, ապա իհարկե այն իր արտացոլումը պետք է գտնի նախ եւ առաջ բանակում: Բանակը պետք է լինի անբիծ, անբասիր: Իսկ բանակում ծառայելը՝ ոչ միայն պարտականություն, այլեւ` մեծ պատիվ:
Շնորհակալությունս եմ ուզում հայտնել կառավարությանը եւ պաշտպանության նախարարությանը՝ այս ուղղությամբ ձեռնարկված բոլոր քայլերի համար»:












