Կառավարությունում այսօր ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստին Նիկոլ Փաշինյանը զարգանալու իր բանաձեւն է ներկայացնել։

Այն ռազմաքաղաքական միջավայրը, որ կա մեր տարածաշրջանում, ասել է՝ մեզ թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել, որովհետեւ այդպես ընդամենը սպառելու ենք ունեցած ռեսուրսները: Իսկ պահպանել ու զարգացնել դրանք, ըստ Փաշինյանի, կարող ենք անողոք լինելով ինքներս մեր հանդեպ եւ բացառելով պարապների ներկայությունը պետական համակարգում։

ՀԱՊԿ-ն առաջիկա տարում կարող է մնալ առանց գլխավոր քարտուղարի։ Այս պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով, որը փորձում է այդ պաշտոնին հաստատել իր թեկնածուին․ գրել է «Կոմերսանտը»։ Մինսկում սակայն ակնկալում են, որ այդ հանդիպումը շուտով տեղի կունենա ։ Պուտինի խոսնակ Պեսկովն էլ հայտարարել է՝ տարաձայնություններն այս պահին կարգավորվում են, իսկ ՀԱՊԿ-ում դրանց պատճառով օպերատիվ կառավարման դեֆիցիտ չի ծագել։ 

«Երբեք մի արթնացրու հույսեր, որոնք բավարարել չես կարող, մի տուր խոստումներ, որոնք կատարել չես կարող: Առավել եւս, արտաքին քաղաքականության մեջ»․ գրել է Աշոտյանը՝ դիմելով Փաշինյանին։ Ըստ նրա՝ ապաշնորհ եւ հանցավորության աստիճանի սիրողական դիվանագիտությունը Արցախը վեր է ածում բանակցությունների օբյեկտի եւ ոչ թե սուբյեկտի, ինչպես խոստացել էր վարչապետը։ Աշոտյանի այս վատ կանխատեսման պատճառը ԵԱՀԿ համանախագահների փոխված երթուղին է․ նրանք այս անգամ Երեւանից ուղիղ գնացել են Բաքու՝ չայցելելով Ստեփանակերտ։

Ձնահոսքից ֆրանսիացի տուրիստ է մահացել։ Այսօր՝ ժամը 11-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Ֆրանսիայի քաղաքացի հինգ լեռնագնաց բարձրացել են Աղվերանի հյուրանոցներից մեկին հարակից սարը, նրանցից մեկը մնացել է ձնահոսքի մեջ, ընկերները ձյան միջից դուրս են բերել տուժածին, որը կորցրել է գիտակցությունը։ Ցերեկը մոտ 1 անց կես օգնության է մեկնել Պաշտպանության նախարարության ուղղաթիռը: Մոտ 2 ժամ անց ուղղաթիռում մահացել է Ֆրանսիայի քաղաքացին: Նրա դին ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան։

«Անլվա», «կենդանաբնազդ», «գարշահոտ», «գարշափնթի»․ այս եւ նման այլ բառեր ֆեյսբուքի օգտատատերերից Կարինե Մարտիրոսյանը պարբերաբար ասել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հասցեին։ Քաղաքապետը նախ գրել է նրան՝ առաջարկելով ներողություն խնդրել, բայց տիկինը էլ ավելի վիրավորական բառերով է պատասխանել, Դիանա Գասպարյանն էլ որոշել է դիմել դատարան՝ պահանջելով հրապարակային ներողություն եւ փոխհատուցում: Քաղաքապետն ասել է, որ փոխհատուցումը մինչեւ վերջին լուման պատրաստվում է ուղղել քաղաքի մանկապարտեզներին: Եվ այսուհետեւ ովքեր կվիրավորեն իրեն, դատի է տալու, եւ որքան շատ լինեն դատերը, այնքան շատ կօգտվեն մանկապարտեզները։

Համացանցի վիրավորանքներից բաժին է հասել նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին․ նրա դիմումով Ոստիկանության 6-րդ վարչությունում հետաքննություն է սկսել։ Մարուքյանը հայտնել է, որ համացանցում անհայտ անձինք հրապարակել են տեսանյութեր, եւ դրանց բովանդակությունը վարկաբեկում է թե՛ իր, թե՛ իր կնոջ, եւ թե՛ «Լուսավոր Հայաստանի» պատամավորների պատիվն ու արժանապատվությունը։

Հայաստանում մեկ տարում ինքնասպանությունների թիվն աճել է 20 տոկոսով։ Փրկարար ծառայության կապիտանը այսօր ներկայացրեց վիճակագրությունը․ 2018-ին կատարվել է ինքնասպանության 500 փորձ, որոնցից 108-ը՝ մահացու ելքով, ավելի հաճախ ծայրահեղ քայլի դիմել են Երեւանում, Շիրակում եւ Լոռիում։ Հարևան երկրներից այս ցուցանիշով առաջինը Ադրբեջանն է։ Հաջորդում են Իրանը, Հայաստանը, ապա՝ Վրաստանը։

Գեներալ Մանվել Գրիգորյանի մոր տունը տակնուվրա են արել, բայց բորոր իրերը տեղում են։ Փետրվարի 19-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արշալույս գյուղի 1-ին փողոցի N 76 տան ճաղավանդակը, պատուհաները, մտել ներս, տունը տակնուվրա արել, այնուհետեւ ոչինչ չգողանալով՝ հեռացել են: Գեներալի մայրը՝ Արփենիկ Ավագյանը մահացել է 2004 թվականին։

Դոլարի վերելքը շարունակվում է, փոխարժեքն այսօր կազմել է 488 դրամ, եվրոն եւս թանկացել է՝ 554 դրամ է, բրիտանական ֆունտը 636 դրամ է, ռուսական ռուբլին՝ 7 ու 46:

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +9+11։