ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին չի բացառում որ կզբաղվի փաստաբանական գործունեությամբ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեց նա։
Հարցին, թե ի՞նչը կարող է ստիպել նրան հրաժարվել իր պաշտոնից, Ռշտունին պատասխանեց. «Դեռևս նման որոշում չեմ կայացրել, սակայն չեմ բացառում, որ նման որոշում կայացնեմ, քանի որ կյանքը դինամիկ է, և հասարակական զարգացումներին զուգընթաց հնարավոր է փոխվեն նաև մարդկանց նախասիրությունները։ Այսօր, ես սիրով եմ անում իմ աշխատանքը և ամենայն պատասխանատվությամբ եմ վերաբերվում իմ կողմից և ընդհանրապես դատարանի կողմից իրականացվող աշխատանքին, սակայն ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք»,- ասաց նա։
Հարցին, թե հնարավո՞ր է մի օր նրան տեսնեն փաստաբանի կարգավիճակով, Ռշտունին ասաց. «Ես ոչինչ չեմ բացառում»։
Դիտարկմանը, թե այսօր դատավորի մասնագիտությունը չունի նախկին գրավչությունը, Ռշտունին արձագանքեց.
«Ես կարծում եմ ոչ միան դատարանում, այլև պետական ապարատում աշխատելու առումով կա ցանկության նահանջ։ Խորհրդային տարիներին մասնավոր հիմնարկները չեն կարողացել մարդկանց բարձր աշխատավարձ առաջարկել, սակայն շուկայական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց կոտրվել է այն կարծրատիպը, որ անպայման պետք է կամ ցանկալի է պետական ապարատում աշխատանք ունենալ։ Մարդիկ նախընտրում են աշխատել մասնավոր հիմնարկներում, քանի որ այնտեղ պատասխանատվության աստիճանն է քիչ, քանի որ օրինակ՝ լինելով բանկում վարչության պետ կամ բաժնի պետ, հնարավոր է ավելի շատ վարձատրվել, ավելի հանգիստ կյանքով ապրել կամ իրենց հասցեին վանկարկումներ չլսել կամ սոցցանցերում վատ գրառումներ չկարդալ կամ ժամը 6–ին աշխատասենյակը փակել և գնալ տուն»,- ասաց նա՝ նշելով, որ այդ տեսանկյունից գրավիչ է մասնավոր ոլորտում աշխատելը։











