«Ատմոսֆերա» սրճարանը ամենահեղափոխական սրճարանն է։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում պնդեց սրճարանի համասեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանը։ 

«Հիմիկվա նորանշանակ պատգամավորները, կառավարության անդամները այստեղ են եղել, անգամ Նիկոլ Փաշինյանի ծնունդն ա ստեղ նշվել։  Կարող եք մեր կայքով բոլոր տեսագրությունները նայել։ Կողքի սրճարանները, որ ասում էին  սրճարանի երաժշտությունը անջատեք, ասում էինք, չէ, մենք հեղափոխություն ենք ուզում, որ լավ ապրենք»,–նշեց նա։ 

Սրճարանի համասեփականատիրոջ խոսքով՝ իրենց պահանջն է, որ թույլ տան իրենց մինչեւ նոյեմբեր աշխատեն, որից հետո իրենք կլքեն տարածքը։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սա առաջացրել է սրճարանների սեփականատերերի վրդովմունքը. Նրանք ցույց են անում, փորձում են խոչընդոտել սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին։