«ՀՀ ԿԳՆ Երեւանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի դասախոսներն ու ուսանողները այսօր՝ մարտի 14-ին, կառավարության դիմաց բողոքի ցույց էին իրականացնում՝ պահանջելով քոլեջի ազատված տնօրենին վերադարձնել իր պաշտոնին։

Քոլեջի իրավունքի դասախոս Գարիկ Սահակյանը պխնդեց՝ տնօրենի նկատմամբ ցուցաբերվել է կանխակալ մոտեցում. «Նա 1 տարի է պաշտոնավարում, նրան մեկ տարվա ընթացքում 2 նկատողություն է տրվել եւ հնարավորություն չի տրվել շտկել նախորդ տնօրենների թերացումները»։

Ցուցարարների հետ հանդիպման էին եկել ԿԳՆ ներկայացուցիչները։ ԿԳ նախարարության իրավաբանական վարչության ներկայացուցիչ Էմիլ Մարգարյանը հայտնեց, որ «ՀՀ ԿԳՆ Երեւանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում աուդիտի եւ ստուգման արդյունքում բացահայտվել են խախտումներ, ֆինանսական խնդիրներ եւ չարաշահումներ. «Աուդիտի եւ տեսչության կաողմից իրականացված ստուգման արդյունքում տնօրենին տրվել է երկու խիստ նկատողություն, ապա ազատվել է զբաղեցրած պաշտոնից»։

Նրա խոսքով՝ քոլեջում նշանակվել են անձինք, որոնք չենք համապատասխանում տվյալ պաշտոնին, դրա համար տրվել են նկատողություն. «Եղել են ուսուցիչներ, որոնք չենք համապատասխանել տվյալ առարկայի դասախոսի պահանջներին։ Երկրորդ խիստ նկատողությունը տեսչության կողմից ուսումնասիրության արդյունքում է տրվել, որի հիմքն է հանդիսացել բողոք–գրությունը։ Մեկ ու կես տարվա ընթացքում այդ հաստատության մասով բազմաթիվ բողոքներ են եղել»,–հայտնեցին ԿԳՆ ներկայացուցիչները։

Քոլեջի դասախոսներից մեկը նկատեց՝ «վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ վենդետա չի լինելու, սակայն ստորին օղակում նախորդ տնօրենի թերացումների համար պատասխան է տալիս այս տնօրենը»։