Քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագնից՝ Վահագն Աբգարյանից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, ինչպես նաեւ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող՝ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի գործով դատական նիստն այսօր՝ մարտի 14-ին, անցավ բավականին լարված մթնոլորտում։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ քննվում էր Թաթուլ Շուշանյանին 3 պատգամավորի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը։ Չնայած դատարանին գրավոր դիմել էր 6 պատգամավոր, այսօր միայն 3-ն էին ներկայացել՝ ԲՀԿ-ականներ Գեւորգ Պետրոսյանը, Արայիկ Աղաբաբյանն ու Սերգեյ Բագրատյանը։ Նրանք հայտարարեցին, որ վերահաստատում են իրենց խնդրանքը։ Նշենք, որ պատգամավորները 500 հազարական դրամ են վճարել՝ Շուշանյանին ազատ արձակելու համար։

Մեղադրող Հայկ Պետրոսյանն առարկեց ներկայացված միջնորդությանը՝ նշելով, որ միայն խափանման միջոց կալանավորումն է ի զորու ապահովել ամբաստանյալի իրավապաշտ եւ օրինապահ վարքագիծը։ Տուժողի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նույնպես առարկեց՝ նախ եւ առաջ դատարանի ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ 6 պատգամավոր միեւնույն դիմումն է ներկայացրել՝ առանց որեւէ բառի փոփոխության։

«6 պատգամավորն էլ պնդում են, որ շատ մտերիմ հարաբերություններ ունեն Թաթուլ Շուշանյանի հետ, ավելին, պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ուշադրություն չդարձնելով դատավորի հորդորներին, նիստի մեկնարկից հետո մոտեցավ ու համբուրեց Շուշանյանին։ Բացի դրանից, պատգամավորները, առանց փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալու, ստորագրեցին, ինձ համար զարմանալի է սա պարզապես»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Տուժող կողմը հորդորեց դատարանին պարզել՝ արդյոք այս պատգամավորները վստահություն վայելում են եւ ինչ հարաբերություններ ունեն Վահագն Աբգարյանի հետ, որի հետ մտերիմ է ամբաստանյալ Շուշանյանը։

Պատգամավորները սկսեցին տեղից խոսել, չնայած նման իրավունք չունեն։ Դատավոր Աննա Մաթեւոսյանը ստիպված էր մի քանի անգամ հիշեցնել, որ նրանք նիստերի դահլիճում կարող են միայն անձնական երաշխավորության դիմումը հաստատել, ոչ թե ելույթ ունենալ։ Պատգամավորներից Գեւորգ Պետրոսյանն էլ վեճի բռնվեց տուժող կողմի հետ։ Աննա Մաթեւոսյանը հորդորեց պատգամավորներին դուրս գալ նիստերի դահլիճից։

Դուրս գալուց Գևորգ Պետրոսյանը դիմեց փաստաբան Լուսինե Սահակյանին, հայտարարելով, թե որ վկայագրից զրկվես, այն ժամանակ կիմանաս։

Պատգամավորների դուրս գալուց հետո Լուսինե Սահակյանը դատարանին դիմելով հավելեց, որ պատգամավորների վարքագիծն արդեն իսկ հիմք է տալիս ներկայացված միջնորդությունը մերժելու համար, քանի որ դատարանում նման վարքագիծ դրսևորող պատգամավորները դժվար թե ցանկություն անգամ ունենան ապահովելու ամբաստանյալ Շուշանյանի պատշաճ վարքագիծը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի մարտի 15-ին։