«Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները Հայաստանի ԱԺ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունած որոշման:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի:
Նրանց ձեռքին կան պաստառներ. «Օնլայն մոլախաղերը պետությանը հարկ չեն վճարում», «Ոչ մենաշնորհին»:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 29-ի առավոտից բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները Հայաստանի ԱԺ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակով օրինագծի: Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան եւ պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
ԱԺ տնտեսական հանձնաժողովը հավանություն է տվել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից:
Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»)։ Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարևոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում։











