ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունն անօրինական չի եղել, օրենքով է կատարվել:

«Դե դա ասենք թե ինչպես եմ վերաբերվում, ինչ–որ օրենքն ա, օրենքի սահմաններում կատարվել ա, անօրինական բան չի եղել»,-  այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Դիտարկմանը, որ այս որոշումից հետո ակտիվացան դատական համակարգում փոփոխությունների մասին խոսակցությունները նա պատասխանեց. «Որ պետք է փոփոխություն լինի դատական համակարգում՝ ըստ Սահմանադրության, ըստ օրենքի, ըստ կարգի, մենք հարյուր անգամ ասել ենք»։

Հարցին՝ Քոչարյանի հետ հանդիպե՞լ է նրա կալանքից ազատ արձակվելուց հետո, Ծառուկյանը պատասխանեց. «Ո՛չ զանգահարել եմ, ո՛չ հանդիպել»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ինչ–որ փուլում հնարավոր համարո՞ւմ է համագործակցությունը Քոչարյանի հետ, որին ի պատասխան ԲՀԿ առաջնորդը զայրացավ. «Հարյուր անգամ ձեզ բացատրեցին, աղջիկ ջան, հարյուր անգամ նույն հարցը տալիս եք»:

Հարցին՝ ինչու է խուսափում Քոչարյանի հետ հանդիպելուց, Ծառուկյանը պատասխանեց .  «Բայց խի՞ եմ խուսափում, բայց ինչի՞ց ես ենթադրում, որ խուսափում եմ, որ դա չի եղել, չենք զանգել, չենք ասել, կապ չկա, ինչի՞ մասին է խոսքը»։

Ծառուկյանն անդրադարձավ նաեւ նրան, որ իր անունը երկար տարիներ կապում էին Քոչարյանի հետ. «Եղբայր ջան, ուրեմն ասեմ՝ հիմա ում հետ պետք ա, կապում են, որ դրա անհրաժեշտություն էլ կա, մենք ի՞նչ կապ ունենք, ասենք թե որ պետք է կապեն: Ամեն մարդ իրավունք ունի էսօր քաղաքական գործունեությամբ զբաղվել, էսօր օրը երկու կուսակցություն է բացվում»։

Լրագրողներից մեկը նշեց, որ ժամանակին Քոչարյանն իրեն աջակցել է բիզնեսի ծաղկման համար, Ծառուկյանը արձագանքեց.  «Ի՜նչ եք ասում, աղջիկ ջան, լո՞ւրջ աջակցել ա, կարո՞ղ ա ձեր բարեկամներին ա աջակցել, ինձ որեւէ մեկը չի աջակցել, որեւէ մեկի առաջ պարտավորություն չունեմ»։