Մենք պետք է գիտակցենք ինչ է նշանակում պառլամենտ։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ–ում իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Պառլամետը խոսելու վայր է եւ այստեղ պետք է խոսեն բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ՀՀ քաղաքացիներին հուզում են։ Դուք քիչ առաջ մերժեցիք մեր երկու նախագծերի քննարկումը, որոնցից մեկը վերաբերվում էր կենսաթոշակները մարդկանց տալուն, որ նրանց վաստակն է եւ սեփականության իրավունքի մի մասը, բայց խնդիրներ կան ու չեն տալիս, իսկ երկրորդը թափանցիկության հետ կապված շատ կարեւոր նախագիծ էր։ Ես ուզում եմ հիշեցնել, որ երբ նախագծերը դրվում են շրջանառության մեջ, դուք 1 ամսից ավելի ժամանակ եք ունենում, եթե առաջարկներ ունեք, առաջարկեք, հանձնաժողովում քննարկենք, հետո գա այստեղ։ Գալիս հասնում է այստեղ, դուք ոչ մի առաջարկ տված չեք լինում, հետո ասում եք՝ եկեք հանձնաժողովներում աշխատանենք»։
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե իրենք ամիսներ առաջ են սկսել աշխատել վեթթինգի նախագծի շուրջ, Մարուքյանն ասաց. «Տիկին Մակունց, նախ ամիսներ առաջ եթե սկսել եք աշխատել դրա շուրջ, ու մենք խաբար չենք դրա մասին, դա արդեն վատ ուղերձ է։ Ես գիտեմ, որ ամիսներ առաջ վեթթինգ չէր, անցումային արդարադատության շուրջ եք աշխատել։ Հիմա եթե ինչ–որ բան կա, պետք է խումբ ստեղծել ու այս խմբով աշխատել, ոչ թե աշխատել մի բանի շուրջ ու ասել մենք աշխատում ենք, եթե մտահոգություններ կամ առաջարկներ ունեք, տվեք։ Ինչի՞ շուրջ տանք, ի՞նչ իմանանք՝ ինչ եք գրել, որ դրա շուրջ առաջարկներ տանք։ Այսինք պետք է կամ ներառական աշխատանք արվեր կամ դա հայտարարություն էր, որ հետո ասեք դե հայտարարեցինք, չեկան»,–նշեց նա։











