Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին:

Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երգչուհին հաճախ է լինում հայրենիքում, որտեղ սիրում են նրան եւ գնահատում նրա արվեստը: «Հայաստան-Սփյուռք կապը նախկինում նաեւ Ձեզ նման մարդկանց միջոցով էր: Ձեր երգերը հոգեհարազատ են ժողովրդին, եւ ամեն անգամ Ձեր կամ տաղանդավոր մյուս հայերի այցելությունները Հայաստան իսկապես մեծ իրադարձություն են դառնում»,-ասել է նախագահը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք կապերին՝ համակարծիք լինելով, որ թեեւ մեր ժողովուրդը ճակատագրի բերումով ցրված է ողջ աշխարհում, բայց դա նաեւ առավելություն է տալիս մեզ՝ համախմբել տարբեր երկրների փորձն ու մեր հավաքական ներուժը՝ հայրենիքի զարգացման համար: «Հայաստանն ամեն երկրում ոչ թե մեկ, այլ բազմաթիվ դեսպաններ ունի, քանի որ ամեն հայ նաեւ իր երկրի ու իր ժողովրդի դեսպանն է: Մենք մի ժողովուրդ ենք եւ միասին շատ մեծ բաներ կարող ենք անել»,-ասել է նախագահը:

Ռոզի Արմենն իր հերթին նշել է, որ աշխարհի բոլոր հայերը ցանկանում են Հայաստանը հզոր ու բարեկեցիկ տեսնել: Նա պատմել է իր առաջիկա նախագծերի, ինչպես նաեւ խոսել հայկական արվեստն ու մշակույթն աշխարհին ներկայացնելու կարեւորության մասին:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաեւ նախագահական նստավայրում համերգներ, ցուցահանդեսներ եւ մշակութային այլ միջոցառումներ կազմակերպելու իր նախաձեռնությանը՝ նշելով, որ այն շարունակական է լինելու, եւ պատրաստակամություն է հայտնել այդ նախաձեռնության շրջանակում հյուրընկալել սիրված երգչուհուն: