Երեկ գիշեր՝ 3 անց կես, Սևան- Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ բացել նրանց ուղղութամբ։ Այս մասին ահազանգեցին Սամվել Բաբայանի գրասենյակից։ Ընդ որում՝ նաեւ նշեցին, թե ովքեր են կրակող խմբի ղեկավարները եւ նրանց հովանավորը։ Բաբայանի գրասենյակը հայտարարեց՝ այդ բանդաներն իրենց պարագլուխներով ծառայում են Արայիկ Հարությունյանին՝ Արցախի նախկին վարչապետին, որ այժմ նախագահի թեկնածու է եւ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավարը։ Այսօր առավոտյան «Ազատ Հայրենիք» կուսակցությունը հերքում տարածեց՝ հայտարարելով, որ Սամվել Բաբայանի գրասենյակի պնդումները իրականության հետ որեւէ աղերս չունեն, եւ իրենք դատապարտում են «չճշտված եւ չհիմնավորված» տեղեկությունների հրապարակումը, որով փորձ է արվում արատավորել Արայիկ Հարությունյանի անունը։ Արդեն կեսօրին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնեց, որ գործն ամբողջությամբ բացահայտված է։

Զինվորականների աշխատավարձը հունիսի 1-ից կբարձրանա, բոլոր ընթացակարգերը կառավարությունն ապահովել է․ այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Աշխատավարձերը բարձրանում են 10 տոկոսով, բայց հավելագրումներով վարձատրությունը միջինը կաճի 18 տոկոսով։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ ավելի քան 600 բուժաշխատողի սոցփաթեթ կտրամադրվի։ Կառավարության անդամներին վարչապետը հանձնարարեց պատմել մարդկանց այս դրական որոշումների մասին՝ հաշվի առնելով քննադատությունների աղմուկ-աղաղակը։ Ի դեպ, սա 17 նախարարությունների կազմով կառավարության վերջին նիստն էր, այսուհետեւ նախարարները կլինեն 12-ը։

Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը այսօր նիստ արեց։ Արամ Սիմոնյանի հրաժարականը հաստատեցին, իսկ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրեցին Գեղամ Գեւորգյանին, որն, ի դեպ, ընդամենը 2 ու կես ամիս առաջ պրոռեկտոր էր։ Ըստ մամուլի՝ Արամ Սիմոնյանը նրան հեռացրել էր պաշտոնից՝ իր դեմ իշխանությունների հետ համագործակցելու համար։

6 անգամ ճանապարհ փակած Արագածավանը երեկվանից  բողոքում է ոռոգման ջրի բարձր գնից։ Բնակիչները ողջ գիշեր փակ են պահել Երեւան-Գյումրի ճանապարհը եւ լուսացրել վարորդների հետ բուռն վեճերի մեջ։ Մթերքով բարձված բեռնատարներ են եղել կուտակված մեքենաների մեջ, բայց նրանց էլ ցուցարարները չեն զիջել։ Այսօր, Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարարն է հանդիպել ցուցարաների հետ, որոշվել է հանձնաժողով կազմել՝ գյուղապետի գլխավորությամբ, որը կուսումնասիրի խնդիրը եւ հողերի տեսակավորումը, ըստ դրա էլ՝ հնարավոր է ջուրը էժանանա։ Այս առաջարկը գյուղին գոհացրել է, ճանապարհն այժմ բաց է։

Ճանապարհ էին փակել նաեւ «Հյուսիս-հարավ» շինարարական 19 ընկերությունների աշխատակիցները։ Նրանք էլ պահանջում էին 8 ամսվա իրենց աշխատավարձը։ Այստեղ բանակցողը «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էր, նա փոխվարչապետ Ավինյանի խոստումը փոխանցեց, թե վաղը պաշտոնյաներ կգան՝ քննարկելու հարցը։ Շինարարական ընկերությունների աշխատակիցները բացեցին ճանապարհը՝ ժամանակավոր։

Նախկին ամուսինների վեճը պայթյունով է ավարտվել Արարատի Նորամարգ գյուղում։ Նախնական վարկածի համաձայն՝ մի տղամարդ կենցաղային հարցերի շուրջ վիճել է նախկին կնոջ հետ, ապա պայթուցիկ է նետել նրա տան վրա և դիմել փախուստի։ Կասկածյալի ինքնությունը հայտնի է, իրավապահները որոնում են նրան։ 4 հոգու բեկորային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները։ NEWS.am–ի տեղեկություններով՝ տուժածներից մեկը մանկահասակ երեխա է, մյուսը՝ հղի կին, երկուսը տարեց տղամարդ ու կին։ Նրանց վիճակը եղել է ծայրահեղ ծանր, տղամարդը հիվանդանոցում մահացել է։

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է, փոխարժեքն այսօր կազմել է 480 դրամ, եվրոն 535 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 606 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 40 դրամ:

Մայիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն առաջիկա 4 օրերին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +30+32։