ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) թեեւ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է գրել, բայց դեռ հստակ չի որոշել՝ մնա պատգամավոր, թե ոչ:

«Ես կխնդրեմ մի քանի օր համբերել: Նախ ես մեկ շաբաթ ժամանակ ունեմ հետ վերցնելու իմ հրաժարականի դիմումը: Մի քանի օրից պարզ կլինի, ես կհավաքեմ իմ մտքերը եւ վերջնական պատասխան կտամ»,-ասաց Թուխիկյանը:

Դիտարկմանը, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ինքը նշանակվելու է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ՝ մշակույթի գծով, նա արձագանքեց. «Այո, նման խոսակցություններ կան, ծիծաղելի կլինի, եթե հիմա մերժեմ, ասեմ՝ նման բան չկա: Բայց դեռ ժամանակ կա մի քիչ էլ մտածելու: 6 օրում սպասում եմ, տեսնեմ ինչ իրավիճակներ կփոխվեն իմ մտքում, սրտում: Ոչ բացառում եմ գնալը, ոչ էլ մնալը»:

Նա չցանկացավ ասել, թե ում հետ է եղել պայմանավորվածություն, որ կնշանակվի այդ պաշտոնում. «Ես հետո կասեմ: Ես շատ գաղտնապահ մարդ եմ»:

Հարցին, թե ինչո՞ւ է մանդատից հրաժարվելու դիմում գրել, եթե չունի հստակ որոշում, Թուխիկյանը պատասխանեց. «Որովհետեւ ես գիտեմ, որ ունեմ 6 օր ժամանակ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը, որը հայտնի է Թուխիկյան ազգանունով, հայտարարել է ԱԺ մանդատից հրաժավելու մասին: Այդ մասին դիմումը նա ներկայացրել է ԱԺ նախագահությանը:

Այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի նսիտում հայտարարեց, որ եթե մեկշաբաթյա ժամկետում տիկին Խաչատուրյանը հետ չվերցնի դիմումը, նշանակում է, որ պատգամավորը վայր է դնում մանդատը:

Ըստ որոշ տեղեկությունների, Նարինե Խաչատուրյանը նշանակվելու է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ:

Նշենք, որ նա նախկինում Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն էր: