Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում մեկնաբանել է շրջանառվող տեղեկությունները, թե ինքը ապօրինի հարստացել է, նվեր է ստացել ավտոմեքենա:

Նա, մասնավորապես, նշել է. «Շատ նյարդայնացած եմ, որ հիմա ստիպված եմ մտնել ուղիղ եթեր եւ այս մանեը ներկայացնել, որովհետեւ համարում եմ, որ այս թեման շատ ջուր տարավ: Ելնելով նրանից, որ ես հաշվետու եմ իմ ընտրողների, ժողովրդի առջեւ, կարեւոր համարեցի այս մասին խոսել:

Արդեն երկար ժամանակ խոսվում է, որ ես իբր ապօրինի հարստացել եմ, որ ես նվեր եմ ստացել մեքենա, այս թեման շահարկվում է իմ հետ կապված ցանկացած հայտարարության դեպքում:«Ես հասկանում եմ, որ իմ խաչը ծանր է, որովհետեւ ես արձագանքում եմ քաղաքական մեր թիմին վերաբերող գրեթե բոլոր հարցերին եւ հաճախակի հարվածը ինձ վրա է գալիս»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իրեն մեղադրում է 7 միլիոն դրամ հարստանալու համար, եւ ինքն իբր չի կարողացել բացատրել, թե որտեղից այդ գումարը. «Դա, իհարկե, սուտ է եւ ճշմարտությանը չի համապատասխանում, ինչը ես հիմա կապացուցեմ»:

«Ես վաճառել եմ իմ Mitsubishi ավտոմեքենան 11 500 դոլարով եւ գնել եմ նոր մեքենա 25 500 դոլարով: Այդ ժամանակ իմ դրամական միջոցները չեն բավարարել, եւ ես դիմել եմ բանկին ու խնդրել, որ ինձ համար վարկային գիծ բացեն՝ օվերդրաֆտ, Դանիել, օվերդրաֆտ: Բացել են վարկային գիծ, որի բացումը երեւում է ԱՔՌԱ համակարգում»,-ասաց Սիմոնյանը՝ ցույց տալով համապատասխան տեղեկանքը եւ նշելով, որ վարկը կազմել է 16 հազար դոլար:

«Սա է թուղթը, որ դուք ման էիք գալիս ու չէիք գտնում: Ես գնել եմ իմ մեքենան վարկային գիծ բացելով եւ նախորդի վաճառքից գոյացած գումարով: Ընդամենը պետք էր ինձ զանգահարել եւ հարցնել՝ արդյոք կարո՞ղ եմ ինչ-որ ձեւով դա բացատրել: Ես շատ հանգիստ սա կցուցադրեի եւ Դուք չէիք հայտնվի ծիծաղելի իրավիճակում, երբ դոշը ծեծելով տարբեր կայքերում դեմքի լուրջ արտահայտությամբ պատմում էիք, թե ինչպես եմ ես ապօրինի 7 մլն դրամով մեկ ամսվա մեջ հանրապետականներով լցված պառլամենտում հարստացել: Ամոթ եւ անընդունելի է»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահը:

«Այսուհետ թող որեւէ մեկը չհամարձակվի թույլ տա իրեն ինձ վարկաբեկել, թույլ տա իրեն ինձ ասել՝ ինչ-որ մեկն ինձ մեքենա է նվիրել կամ ինձ համար մեքենա է առել: ՀՀ-ում եւ աշխարհում տենց մարդ չկա, որ կարա ինձ համար բան առնի, նվեր տա նման ձեւով»,- ասաց Սիմոնյանը:

Նա հավելեց, որ այս ամենի մեջ քաղաքական միտում է տեսնում, որովհետեւ եթե Իոաննիսյանը սպասեր մինչեւ իր հայտարարագրի հրապարակմանը, ապա կարիք չէր լինի նման հայտարարություններ անելուն:

Ալեն Սիմոնյանը նկատեց, որ այդ հոդվածը հրաժարակվել է ճիշտ նույն ժամին, երբ ինքը ԱԺ-ում ներկայացնում էր բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակելու օրինագիծը:

«Ես մարդ չեմ նշանակում եւ այդ լծակները չունեմ, որ տեսականորեն որեւէ ձեւով փող աշխատեմ: Թարգեք այդ խոսակցությունները:

Ակնկալում եմ հնարավորինս արագ Դանիել Իոաննիսյանի եւ Sut.am կայքի կողմից, որ հիմա Fip.am- կայքն  է, հերքում եւ այլեւս որեւիցե մեկն իրեն թույլ չտա նման բան խոսի: Այլեւս ոչ ոք չհամարձակվի իմ մեքենային, իմ արժանապատվությանը, ազնվությանը մոտիկ գա: Անհամբեր սպասում եմ հրապարակային հերքմանը, հրապարակային ներողությունների, եթե այդքան ազնվություն կա մարդկանց մեջ», - նշեց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ FIP.am կայքը գրել էր, որ Ալեն Սիմոնյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2018 թվականին ներկայացրած հայտարարագրերում ունեցվածքի մասին տվյալները կեղծ են, եւ դա, հնարավոր է, արվել է ապօրինի հարստացումը թաքցնելու համար։