Ռազմածովային ուժերի ղեկավարությունը երեք սենատորների տեղեկացրել է չճանաչված թռչող օբյեկտների դիտարկումների մի քանի փաստագրված դեպքերի մասին: Նախօրեին տեղեկություններ ստանալու հարցմամբ Պենտագոն էին դիմել Կոնգրեսի մի քանի կոմիտեների անդամները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Սենատի Հետախուզության հարցերով կոմիտեի փոխնախագահ, սենատոր Մարկ Ուորների աշխատակիցները The Hill պարբերականի հետ զրույցում հաստատել են այդ տեղեկության հավաստիությունը: 

«Չճանաչված թռչող երեւույթների» հանդեպ հետաքրքրությունը նոր ուժով է բռնկվել 2017 թվականին՝ այն բանից հետո, որբ Սենատի մեծամասնության նախկին առաջնորդ Հերրի Ռեյդը Պենտագոնին խնդրել էր ՉԹՕ ֆենոմենի ուսումնասիրման ծրագիր հիմնել: Հայտնի է, որ իշխանությունները ցուցմունքներ են վերցրել մի քանի նավաստիներից եւ օդաչուներից, որոնք ականատես են եղել իրենց գոյությամբ աերոդինամիկայի բոլոր օրենքները խախտող օբյեկտների թռիչքների: Դրանից բացի, հոլովակ էր հրապարակվել զինվորականների պահպանած օդային տարածք ՉԹՕ-ների ներխուժման մասին: