Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի երեք առաջատար թեկնածուները Եվրամիության առաջնորդների շարքում բավարար աջակցություն չեն ստացել, փոխանցում է Reuters-ը:
Մակրոնն արշավ է անցկացրել, որպեսզի արգելափակի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջադրած Մանֆրեդ Վեբերի թեկնածությունը: «Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ պարոն Վեբերը մեծամասնություն չունի»,- ասել է Մակրոնը: «Այս քայլը անհրաժեշտ էր՝ հաշվի առնելով լարվածության մակարդակը, որին մենք հասել ենք կուսակցական կազմակերպության այդ սեւեռունության պատճառով, որը չէր համապատասխանում եվրոպական ժողովրդավարական իրողություններին»,- հավելել է նա:
Ի պատասխան հարցին՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ արդյոք լարվածություն կա՞ր առաջադրման գործընթացի պատճառով, Մակրոնն ասել է. «Ես ոչ մի բան չունեմ գերմանական թեկնածության դեմ, ես ասել եմ, եւ դա կատակ չէ, որ եթե կանցլերը լիներ թեկնածուն, ես նրան կաջակցեի, որովհետեւ կարծում եմ, որ նա օժտված է որակներով, հմտություններով, որպեսզի դառնա Եվրահանձնաժողովի լավ նախագահ: Բայց նա դա չի ցանկանում, եւ ես նրա որոշումը հարգում եմ»:





























