Հունիսի 28-29-ը Օսակայում կայանալիք G20-ի առաջիկա գագաթնաժողովի հիմնական թեմաները պետք է լինեն համաշխարհային տնտեսության  եւ առեւտրի իրավիճակը, ինչպես նաեւ բնապահպանության հետ կապված հարցերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի ԱԳՆ-ում աղբյուրին:

«Քննարկման համար նախատեսվող թեմաներից են համաշխարհային տնտեսությունը, առեւտուրը, ներդրումները, նորարարությունները, կլիմայական փոփոխությունները եւ բնապահպանությունը», - ասել է նա: Մասնավորապես անդրադառնբալով տնտեսությանը՝ երկրների առաջնորդները մտադիր են հաստատել համաշախարհային տնտեսական աճի, ինչպես նաեւ ազնիվ եւ ազատ առեւտրի ապահովման կարեւորությունը:

Գագաթնաժողովին  նախատեսում է նաեւ անդրադառնալ թվային կորպորացիաների հարկման միջազգային համակարգի ստեղծման թեմային: Այս հարցը բարձրացվել է հունիսի սկզբին Ֆուկուոկայում Ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման ժամանակ: Բնապահպանական խնդիրների թվում ուշադրություն կդարձվի նաեւ օվկիանոսում պլաստիկ աղբի խնդիրներին: