Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել է իտալական հանրահայտ «Elettronica Group» ընկերության տաղավար:
Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Elettronica Group» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնզո Բենինիի հետ: Ընկերությունը ծառայություններ է մատուցում պաշտպանության, անվտանգության ու կիբերանվտանգության ոլորտներում եւ համարվում է աշխարհում առաջատարներից մեկը:
Էնզո Բենինին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ այցելության եւ իրենց ընկերության գործունեության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: «Շատ ուրախ ենք Ձեզ տեսնել մեր տաղավարում: Անկախ մեր անձնական բարեկամությունից՝ այս այցը չափազանց կարեւոր է, եւ Հայաստանի նախագահին այսօր այստեղ ընդունելը մեծ պատիվ է մեր ընկերության ու, առհասարակ, այս ցուցադրության համար: Իտալիայի եւ Հայաստանի միջեւ բարեկամությունը շատ ամուր է, եւ մենք ցանկանում ենք այն էլ ավելի ամրապնդել»,-նշել է նա:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ Հայաստանը հետաքրքրված է առաջատար «Elettronica Group» -ի հետ կիբերանվտանգության, արհեստական բանականության, ինչպես նաեւ ռազմարդյունաբերության ոլորտներում փոխգործակցությամբ՝ ընդգծելով, որ նշված ոլորտներում մեր երկիրը զարգացման մեծ ներուժ ունի: Հանդիպմանը խոսվել է նաեւ ընկերության հակադրոնային նորարարական լուծումների եւ այդ ոլորտում եւս համագործակցության հնարավորությունների մասին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա ամիսների ընթացքում ընկերության պատվիրակությունը կժամանի Հայաստան՝ տեղում համագործակցության ներուժին ծանոթանալու եւ հնարավոր գործընկերներին հանդիպելու համար:





























