Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնը նախընտրական հանդիպման ժամանակ հրաժարվել է պատասխանել ընկերուհու՝ Քերրի Սիմոնդսի հետ վեճի մասին հարցին, հաղորդում է BBC News-ը:  

Վեճի արդյունքում նրանց տուն ոստիկանություն էր մեկնել:

Ելույթ ունենալով Բիրմինհեմում նախընտրական հանդիպման ժամանակ՝ Ջոնսոնը հայտարարել է, որ «մարդիկ չեն ուզում լսել» իրենց վեճի մասին: Սակայն հանդիպման մոդերատորը կրկին ու կրկին այդ հարցն ուղղել է: Եվ երբ հերթական անգամ Ջոնսոնը չի պատասխանել հարցին, մոդերատորն ասել է, որ քաղաքական գործիչը խուսափում է պատասխանից:

«Մարդիկ իրավունք ունեն իմանալ, թե ինչ եմ ես ցանկանում անել երկրի համար»,- ասել է Ջոնսոնը՝ կրկին խուսափելով պատասխանից:

«Եթե ձեր տուն ոստիկանություն է գալիս, ապա դա վերաբերում է բոլորին: Դուք հավակնում եք երկրի վարչապետի պաշտոնին, սակայն շատերը, ովքեր հիանում են ձեր քաղաքականությամբ, ցանկանում են իմանալ այդ հարցի պատասխանը»,- շարունակել է մոդերատորը:

Քաղաքական գործիչը միայն նշել է, որ դա արդարացի պատճառ է, սակայն կրկին հրաժարվել է պատասխանել այդ հարցին:

Քաղաքական գործչի հարեւանները նշում են, որ լսել են կանացի ձայներ եւ աղմուկ: Հարեւանների խոսքով՝ աղջիկը բղավել է՝ «հեռու մնա ինձանից» եւ «հեռացիր իմ բնակարանից»: Սակայն Ջոնսոնն ու Սիմոնդսը ոստիկանությանն ասել են, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է: