ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի համակարգչային համակարգերի ուղղությամբ կիբերհարձակումների անցկացումը, որոնք կիրառվում են հրթիռները կառավարելու համար, հաղորդում է The Washington Post-ը:
Թերթի տվյալներով՝ հարձակումը, որը մեկնարկել է հունիսի 20-ի երեկոյան, նախագծվել է ԱՄՆ-ի կիբերհրամանատարության աշխատակիցների կողմից «շաբաթներ, եթե ոչ ամիսներ շարունակ»: Ինչպես նշել են զրուցակիցները, Պենտագոնն առաջարկել է իրականացնել այն հունիսի սկզբում Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակումներից հետո:
WP-ը գրում է, որ կիբերհարձակումը համակարգել է ԱՄՆ-ի ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը: Նշվում է նաեւ, որ գործողությունները վնաս են հասցրել Իրանի կառավարման համակարգերին, սակայն չեն հանգեցնել մարդկային զոհերի:
Սպիտակ տանը զերծ են մնացել մեկնաբանություններից: Պենտագոնի մամուլի քարտուղար Էլիս Սմիթը հայտարարել է, որ կառույցը չի քննարկում կիբերտարածքում գործողությունները, հետախուզական ծրագրերն ու գործունեությունն անվտանգության նկատառումներով:
Ավելի վաղ ԱՄՆ-ը անցկացրել էր գաղտնի հարձակում Իրանի հետ կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վրա, որը զբաղվում է կիբերլրտեսությամբ, հայտնել են Yahoo News-ի աղբյուրները: Պորտալի տվյալներով՝ նրանց խումբը մի քանի տարի շարունակ հետեւել է Հորմուզի նեղուցով անցնող քաղաքացիական եւ ռազմական նավերին:
Հիշեցնենք՝ Front Altair եւ Kokuka Courageous լցանավերը ենթարկվել էին հարձակման Իրանի ափերի մոտ հունիսի 13-ին: Նավերում որոտացել են պայթյուններ, այնուհետեւ բռնկվել է հրդեհ: Անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան մեղադրել են տեղի ունեցածում Իրանին: Թեհրանը հերքում է իր մասնակցությունը հարձակման մեջ:





























