Կառավարության նիստն այսօր վարչապետ Փաշինյանը սկսեց տնտեսական ակտիվության մասին նախաբանով, նա հայտարարեց, որ մեր տնտեսությունը լավ տրամադրության մեջ է, եւ լավ սպասումներ են ձեւավորվում։ Այսինքն՝ տնտեսական հեղափոխության քաղաքական մեսիջները, ըստ վարչապետի, ընկալվել են։

Գործադիրը որոշեց բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ 55-ից 68 հազար դրամ։ Նաեւ որոշվեց, որ 0-ից 18 տարեկանները հիվանդանոցային ծառայությունները կստանան անվճար, իսկ սրտի ստենտավորման ծառայության համար հատկացված գումարները տարվա կեսից չեն սպառվի։ Այս նպատակների համար լրացուցիչ 12 միլիարդ դրամ կհառտակցվի առողջապահության ոլորտին։

Կառավարության շենքի առաջ Արագածի գյուղի բնակիչները իրենց հետ նեխած կարտոֆիլ էին բերել եւ մի քանի շիշ էլ այն ջրից, որը փչացնում է բերքը։ Նրանք բողոքում էին հէկերի դեմ, այն ջուրը, որ անցնում հէկերով ու հետո խողովակներով հասնում դաշտեր, ըստ գյուղացիների՝ թույն է, որից հիվանդանում են բույսերը, ծառերը, իսկ գետի կարմրախայտն էլ վաղուց վերացել է։ Կառավարությունից արձագանք եղավ․ 10 օրից պատասխան ստանալու հույսով նրանք հեռացան։

Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել՝ համաձայն որի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը։ Որոշման մեջ նշված է, որ այդ գործերի քննությանը Վահե Գրիոգրյանի մասնակցությունն անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկած սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչպես նաեւ մասնակցել է հիշյալ գործերի քննությանն այլ դատարաններում»:  Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությունը նշանակել է օգոստոսի 29-ին։

Մերկելը նորից դողացել է: Դողի ուժեղ նոպան սկսվել է արարողակարգային միջոցառման ժամանակ, երբ կանցլերը հանդիպում էր նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։ Տեսանյութում երեւում է, որ դողացող Մերկելին մի բաժակ  ջուր են փոխանցում, բայց նա հրաժարվում է օգնությունից, եւ մի քանի րոպե անց դողը դադարում է։ Սա դողի երկրոդ նոպան է տեսախցիկների առաջ․ առաջինը հունիսի 18-ին, երբ ընդունել էր Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ հնչում էր ազգային օրհներգը։

Դոլարի փոխարժեքը կայուն է, այսօր կազմել է 477 դրամ, եվրոն 542 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 606, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 57 դրամ։

Հայաստանի շրջանների մեծ մասում  հունիսի 28-ին սպասվում է տեղ-տեղ հորդառատ անձրեւ եւ ամպրոպ: Հնարավոր է նաեւ կարկուտ: Երեւանում  սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35: