Վերջին երեք օրվա ընթացքում խաղաղ պայմաններում զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է գրանցվել: Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացել է 19-ամյա Վոլոդյա Գալոյանը։ Քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել ողբերգական դեպքից։ Պարզվում է` երեկոյան Վոլոդյան իրեն ամակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ՝ փորձելով սպանել նրան, ինչը, սակայն նրան չի հաջողվել։ Դրանից հետո նա լքել է դիրքի տարածքը։ Մի քանի ժամ անց մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորության վրա գտել են նրա դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վնասվածքով, ինքնաձիգը՝ կողքին ընկած։ 19-ամյա Վոլոդյան Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքից էր, նա ծառայության էր մեկնել 7 ամիս առաջ։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքի վերաբերյալ որոշումը։ Դեռեւս մեկ տարի առաջ քննիչի որոշմամբ երկրորդ նախագահի ամբողջ գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք էր դրվել։ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին քննիչի որոշումը եւ առաջին ատյանի դատարանը որոշել էր, որ կալանքը դրվել է օրենքի խախտումներով, թեւ չէր պարատավորեցրել վերացնել կալանքը։ Դատախազությունն առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան՝ պնդելով, որ գույքի վրա դրված կալանքն օրինական է։ Նշենք, որ այսօր դատական նիստին ներկա էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Նա անդրադարձավ իր հաշիվների վրա դրված կալանքին եւ դրանից հետո իր առանձնատանն իրականացված խուզարկություններին՝ նշելով, որ ամեն ինչ արվել է օրենքի կոպիտ խախտումով։

Խուզարկության ժամանակ Քոչարյանի առանձնատնից առգրավվել էին զենքեր և փաստաթղթեր։ Երկրորդ նախագահն այսօր հայտարարեց, որ դրանք օրինական զենքեր էին, որոնք իրեն նվիրել էին տարբեր երկրների ղեկավարներն ու պաշտոնյաները։

Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության բողոքը։ Նշենք, որ սա չի ենթադրում, որ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը կհանվի, քանի որ կալանքի որոշումը կայացրել էր քննիչը, երբ գործը դեռեւս նախաքննության փուլում էր, իսկ հիմա, երբ գործն արդեն դատարանում է, այդ հարցի որոշումը դատարանի իրավասության տակ է։

Մինչև այժմ կալանքի տակ են մնում նաեւ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի գույքն ու հաշիվները, իսկ կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի գույքի վրա դրած կլալանքը հանվել է փաստաբանների ջանքերով։ Լեւոն Քոչարյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում, ասաց, որ իրենց ընտանիքի անդամների գույքի վրա կալանք դնելու բոլոր որոշումները կատարվել են խախտումերով։

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր մոտ երկու ժամ տեւած ասուլիսով ամփոփել է 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքները, խոսել ոստիկանության հետ կապված ամենաաղմկահարույց դեպքերի մասին։ Վերջերս  երկար տարիներ ի վեր առաջին անգամ Հայաստանում օրենքով գողի սպանություն էր տեղի ունեցել, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ոստիկանությունն իրավիճակին չի տիրապետում՝ հարցից Օսիպյանը վրդովվեց։ Ոստիկանությունը, ըստ նրա, լիարժեք տիրապետում է իրավիճակին, իսկ «Մասիվցի Անդիկի» սպանության գործով ոստիկանությունը հաջողություններ ունի, որոնք առաջիկայում կհրապարակի։

Եթե ոստիկանությունը տիրապետում է իրավիճակին, ապա ինչպե՞ս է Սերժ Սարգսյանի եղբորորդին հասել Չեխիա, Միհրան Պողոսյանն էլ՝ Ռուսաստան, հետաքրքրվեցին լրագրողները։

Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի շուրջ, նույնիսկ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ պահանջում են, որ ներքին գործերի նախկին նախարարը օր առաջ վերադառնա Հայաստան։ Օսիպյանն արձագանքեց՝ Վանո Սիրադեղյանին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները մինչեւ օրս չեն դադարել։

Ո՞ւմ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը «սեւազգեստ մարդիկ» ասելով, եւ քանիսին է ոստիկանությունը մինչեւ հիմա պառկեցրել ասֆալտին եւ ծաղկավոր բաբոչկա կապել, ինչպես հրահանգել էր վարչապետը, հարցրեցին ոստիկանապետին։

Օսիպյանը վստահեցրեց, որ ասֆալտին փռելու գործընթացը շարունակվում է, դրա վառ օրինակը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբորորդուն վերջերս բերման ենթարկելն է։ Պարզվում է՝ Աջափնյակում «Նիվաներով» դրիֆթ անողներից մեկը նախկին  ոստիկանապետի եղբորորդին է։

Իջեւանում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել եւս 7 աձի։ Մեկ անձի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում։ Քրեական գործը հարուցվել է բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության եւ խուլիգանության դեպքի առթիվ։ Այսպիսով՝ այսօրվա դրությամբ այս գործով 21 անձ ուինի մեղադրյալի կարգավիճակ։ Նրանցից 10-ը կալանավորված են, 8-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, մեկը գրավով ազատ է արձակվել։

Երեւանում ինքնասպան է եղել ռուսական զորքերի զինծառայող։ Նրա դին կախված վիճակում հայտնաբերվել է «Կորեայի ձորի» ամառանոցներից մեկում։ Քննիչները պարզել են, որ մահացածը 30-ամյա Արսենն է, որը ծառայում էր Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ջոնսոնը հաղթել է իշխող՝ Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրություններում և վարչապետի պաշտոնում փոխարինել Թերեզա Մեյին։ Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Թերեզա Մեյը հրաժարական էր ներկայացրել, պատճառը՝ Եվրամիությունից դուրս գալու՝ այսպես կոչված «Բրեքզիթի» նախաձեռնության տապալումն էր։ 55-ամյա Բորիս Ջոնսոնը Լոնդոնի նախկին քաղաքապետն է և Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի վերջին նախարար Ալի Քեմալի թոռը։ Նրա պապն է ժամանակին հրաման տվել ձերբակալել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին։ Ալի Քեմալին Թուրքիայի ազգայնական ուժերը սպանել էին հենց փողոցում։

Ամերիկյան СNN հեռուստաալիքը Երեւանը ներառել է ամենագեղեցիկ 20 եվրոպական քաղաքների ցանկում, որտեղ, սակայն, շատ չեն զբոսաշրջիկները։ Հոդվածում նշվում է, որ Երեւանի կենտրոնը արվեստի ստեղծագործությունների եւ խորհրդային ժամանակաշրջանի ճարտարապետության վառ արտահայտված միաձուլումն է։ Բացի Երեւանից՝ այս վարկանիշում ընդգրկվել են նաեւ Թբիլիսին, Մինսկը, Անկարան։

Համացանցում երթուղայինի վարորդի մասնակցությամբ հերթական աղմկահարույց տեսանյութն է տարածվել։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր եւ վարորդի միջեւ վիճաբանությունը տեսագրել է, հրապարակել «Ֆեյսբուքում» եւ հայտնել, որ 44 համարի ավտոբուսի վարորդը 3-4 կանգառի ընթացքում խոսել է հեռախոսով։

«Իմ քայլի» պատգամավորները մեծ շուքով պատրաստվում են առաջիկա Վարդավառի տոնին։ Օրենսդիրները ֆեյսբուքում հատուկ իվենթ են բացել, այդ օրն Ազգային ժողովում սպասվող միջոցառումների մասին։ Ամենաուշագրավը, սակայն, իշխող խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությունն է։ Նա քաղաքացիներին հրավիրել է Բաղրամյան պողոտա՝ իր հետ գորգեր լվանալու։

Դոլարն ու եվրոն էժանացել են։ Դոլարի փոխարժեքը կազմել է 475, եվրոյինը՝ 530, բրիտանական ֆունտինը՝ 595, ռուսական ռուբլունը 7․55 դրամ։

Օդի ջերմաստիճանը առաջիկա երկու օրերին կնվազի 3-4 աստիճանով։ Վաղը Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +35-+37 աստիճան տաքություն։