Մի քանի օր շարունակ տարբեր համայնքներից ահազանգեր էին ստացվում, որ անհայտ անձիք պղծում են իրենց համայնքների գերեզմանոցները։ Առաջինը Նուբարաշենում էր, ապա՝ Չարենցավանում և Զովունիում։ Պղծումը կատարվել էր գիշերով, Զովունիի բնակիչները նույնիսկ գիշերային հերթապահություն էին սահմանել գերեզմանատան մոտ՝ իրենց հարազատների շիրմաքարերը պաշտպանելու համար։

Բոլոր տեղերում ձեռագիրը նույնն էր՝ հալեցրած մոմի հետքեր, ինչը բնակիչների մոտ կասկած էր առաջացրել, որ գուցե գերեզմանատանը ծիսակատարություն է կատարվել։

Չնայած Երևանի քաղաքապետարանը դեռևս հուլիսի 23–ին դիմել էր ոստիկանություն այս դեպքերի առնչությամբ, սակայն իրավապահները կարծես այնքան էլ լուրջ չէին վերաբերվում խնդրին, մինչև այսօր, երբ պղծեցին «Եռաբլուրում» հանգչող ապրիլյան պատերազմի զոհերի՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի, քառօրյայում հերոսաբար ընկած Արմենակ Ուրֆանյանի, Բենիամին Եղոյանի և այլոց շիրիմները։  Սա արդեն հասարակական ցասում առաջացրեց։ Կեսօրին «Եռաբլուրում» էին զոհերի հարազատները, Ազգային ժողովի պատգամավորները։ 

Կատարվածը դատապարտող հայտարարություններով հանդես եկան քաղաքական ուժերը։ Ընդ որում, «Սասնա ծռերը» հայտարարեց՝ այս խայտառակությունը հնարավոր էր բացառել, եթե «Եռաբլուր» պանթեոնում պատշաճ ծառայություն իրականացվեր

Հաշված ժամեր անց ոստիկանությունը Աշտարակի գերեզմանատնից բերման ենթարկեց միջին տարիքի մի կնոջ։ նա իրավապահներին պատմել է, որ «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ 

Ինչպես է կնոջը հաջողվել միայնակ և անարգել այդքան գերեզման պղծել, պարզ չէ, այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Այսօր երեկոյան ՀՅԴ երիտասարդական միության անդամները մոմավառություն են իրականացրել պանթեոնում և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում շուրջօրյա հսկողություն իրականացնել պանթեոնի տարածքում։

Էկոտուրիզմի ծառայություններով հայտնի Կալավան համայնք այցելելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է գյուղի բնակիչ, գյուղում տուրիզմի զարգացմանը նպաստած Ռոբերտ Ղուկասյանին նշանակել իր խորհրդական, որպեսզի նա Կալավանի հաջողված փորձը տարածի Հայաստանի այլ գյուղերում։ Իր այս մտադրության մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան գրառման միջոցով։ 

Ռոբերտ Ղուկասյանը, իր հերթին, սոցիալական ցանցում գրառում է արել, որում խոստովանել է, որ վարչապետի այս որոշումն իր համար անսպասելի էր․

«Վարչապետի այցը Կալավան կարող էի պատկերացնել եւ անկեղծ ասած սպասում էի, բայց այն, որ պարոն Վարչապետն այսպես կարձագանքեր գյուղի զարգացման կոնցեպցիային՝ իհարկե չէի սպասում: Շնորհակալություն պարոն Նիկոլ Փաշինյանին մեծ վստահության համար, որը շատ պարտավորեցնող է»։  

Կառավարության նիստն այս շաբաթ կրկին վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ արձակուրդում է։ Ի դեպ, արդեն վաղը վարչապետն աշխատանքի կվերադառնա։ Գործադիրը հավանություն է տվել ավտոմաքսատունը Նորագավիթից Գյումրի տեղափոխելու նախագծին։ Այդ նպատակով հատկացվելու է Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հեկտար մակերեսով տարածքը և առայժմ 181 միլիոն դրամ։ Ամբողջ նախագծի իրականացումը կարժենա 2,2 մլրդ դրամ։  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը բացատրել է՝  սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից, այդ պատճառով շատ հրատապ ձեռնարկել են այս նախագիծը՝ վարչապետի հանձնարարությամբ:

Անանյանի խոսքով՝ այս տարվա 6 ամիսներին Հայաստան է ներկրվել 68 հազար ավտոմեքենա, մինչդեռ 2018-ին ողջ տարվա ընթացքում ներկրվել էր ընդամենը 67 հազար ավտոմեքենա: Բայց Նորագավիթի մաքսատան կուտակումները միայն սրանով չեն պայմանավորված։ Շատ վարորդներ մեքենաները մաքսազերծելուց հետո էլ դրանք չեն հեռացնում տարածքից՝ օգտագործելով այն որպես կայանատեղի։ Անանյանը նախազգուշացում է արել այդ վարորդներին։ 

«Հյուսիս-հարավ ծրագրի» իրականացման ընթացքում չարաշահումների գործով 2 անձ է կալանավորվել։ Ենթակապալառու ընկերությունը ծառայություններ մատուցող մեկ այլ ընկերության հետ ֆինանսական կեղծիքների և խոշոր հարկեր վճարելուց խուսափելու արդյունքում պետությանը հասցրել է խոշոր չափերի վնաս։ 2 ընկերությունների տնօրենները կալանավորված են, նրանց առաջադրվել է 519 միլիոն դրամի հարկային պարտավորություններ։ 

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ։ Իրաքի քաղաքացիները կեղծ փաստաթղթերի միջոցով Հայաստանի տարածքով տարանցման թույլտվություն են ստացել Իրաքի մի խումբ բնակիչների համար, և կազմակերպել նրանց ապօրինի միգրացիան՝ յուրաքանչուրից ստանալով 12 հազարական եվրո։ Իրաքի քաղաքացիները ժամանել են Հայաստան, որտեղից էլ կեղծ անձնագրերով մեկնել են եվրոպական տարբեր երկրներ։ Բացի դրանից, Հայաստանի 2 քաղաքացիներ գումարի դիմաց կազմակերպել են Հայաստանի բնակիչների ապօրինի միգրացիան Եվրոպա։ Սակայն նրանք բերման են ենթարկվել օդանավակայանից, երբ փորձում էին կեղծ վկայականներով նստել Բարսելոնա մեկնող ինքնաթիռը։ Մեղադրանք է առաջադրվել 5 անձի։ 

Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, մոտ 26 միլիոն դրամ է վերադարձրել պետությանը։ Նշենք, որ Կարեն Գրիգորյանը որպես մեղադրյալ անցնում է Էջմիածնի քաղաքապետարանում հայտնաբերված չարաշահումների գործով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ 

Գյումրիի նախկին քաղաքապետ, ներկայիս պատգամավոր Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել։ Քննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Սպարտակ Ղուկասյանը հիվանդության սիմուլյացիայի և փաստաթղթեր կեղծելու ճանապարհով խուսափել է պարտադիր զինվորական ծառայությունից։ 

Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներին ստիպում են ազատվել աշխատանքից։ Այս մասին հայտարարություն են տարածել օդանավակայանի մի խումբ աշխատակիցներ՝ նշելով, որ անձնակազմի հայկական ազգանուններով անդամների կոշտ զտումներ են իրականացվում։ Նրանց խոսքով՝ մոտ 100 մարդ է աշխատանքից ազատվել, ևս 100-ին սպասվում է նույն ճակատագիրը։ Նրանք բաց նամակով դիմել են Հայաստանի իշխանություններին՝ խնդրելով միջամտել, քանի որ դա շատերի ընտանիքների եկամտի միակ աղբյուրն է։ 

Վրացական լարին շարունակում է արժեզրկվել։ Օգոստոսի 1-ին այն հակառեկորդ է սահմանել։ Վրացական արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 2,9 լարի։ Վրաստանի ազգային բանկը լարիի հետագա արժեզրկումը կանխելու համար որոշել է վաճառել դոլարային ռեզերվների մի մասը։ Օգոստոսի 1-ին ազգային բանկը 40 միլիոն դոլար է վաճառքի հանել։ 

Հայ տնտեսագետները ահազանգում են, որ վրացական լարիի արժեզրկումը բացասաբար կանդրադառնա նաև Հայաստանի տնտեսության վրա։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ Լարիի արժեզրկումը առավելություններ է տալիս Վրաստանից արտահանվող ապրանքներին, մասնավորապես, դրանք դառնում են ավելի էժան արտահանման շուկայում։ Արդյունքում՝ հայկական ապրանքների մրցունակությունը կնվազի, և հայկական ապրանքները դուրս կմղվեն արտահանման շուկաներից, չի բացառվում՝ նաև ներքին շուկայից, քանի որ կարող է սկսվել էժանացած վրացական ապրանքների հոսք մեր շուկա։ Մյուս կողմից, հայ սպառողները ավելի շատ կսկսեն նախընտրել էժան հանգիստը Վրաստանում։ Նշենք, որ վրացական լարին տարվա սկզբի 230 դրամի դիմաց այսօր Հայաստանում արժե ընդամենը 160 դրամ։ 

Դոլարը թանկացել է, եվրոն էժանացել շուրջ 5 դրամով։ Դոլարի փոխարժեքը կազմել է 475, եվրոյինը՝ 525, բրիտանական ֆունտինը՝ 575, ռուսական ռուբլունը՝ 7․46 դրամ։ 

Հայաստանի որոշ շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքում, վաղը երեկոյան ժամերին սպասվում է անձրև։ Առաջիկա գիշերը Երևանում կլինի +19 +21, վաղը ցերեկը՝ +34 +36 աստիճան տաքություն։