Պետական կառավարման համակարգում ստորին օղակներից մինչեւ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների համար հստակ սահմանված են դրույքաչափեր, որից զատ, կան նաեւ պարգեւավճարներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը:
«Այս պահին ես կարող եմ խոսել այն ինֆորմացիայի մասին, որը գաղտնիություն չի պարունակում»,- ասաց նա՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականին, որով բարձրացել էին նախարարների, փոխնախարարների, գլխավոր քարտուղարների, մարզպետների աշխատավարձերը:
Դավիթ Գեւորգյանը հրաժարվեց ասել, թե որքան աշխատավարձ է ստանում, քանի որ, ըստ նրա՝ դա գաղտնի ինֆորմացիա է. «Հստակ կարող եմ ասել, որ գաղտնի որոշումները հրապարակման ենթակա չեն: Ես չեմ ուզում իրավական տեսանկյունից ստանձնել պատասխանատվություն եւ բացահայտել ինֆորմացիան»:
Հարցին՝ նորմա՞լ է համարում, երբ երկրի ղեկավարը գաղտնի հանձնարարականով է բարձրացնում նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձը, Դ. Գեւորգյանը պատասխանեց. «ՀՀ վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ, այլեւ ճիշտ եմ համարում: 3 միլիոն «վարչապետներն» իրենց որոշումը կայացրել են եւ ԱԺ վերջին ընտրություններին իրենց վստահության քվեն տվել են մեր քաղաքական ուժին եւ վստահել են օրենքով սահմանված որոշումներ կայացնելու մեր իրավունքը: Ես ու մեր թիմում գտնվող ցանկացած մարդ, քանի դեռ գտնվում է այդ թիմում, նույնիսկ բարոյական տեսանկյունից ճիշտ չի լինի, որ սխալ համարի վարչապետի որոշումը»:
Ինչ վերաբերում է մարզպետարանի այն աշխատակիցներին, որոնք դժգոհում են ցածր աշխատավարձից, Դավիթ Գեւորգյանը նշեց, որ ինքն էլ է դժգոհ, որ շատ աշխատողներ շատ ցածր աշխատավարձ են ստանում, ուստի արդյունավետ պետական համակարգ ստանալու համար պետք է պետական համակարգի ամենացածր վարձատրվող աշխատողները բարձր աշխատավարձ ստանան. «60-70-80 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը չի կարող արդյունավետ աշխատել, այդպես արդյունավետ համակարգ չենք կարող ունենալ»:
Նա ոչ կոռեկտ համարեց լրագրողի այն հարցը, թե արդյոք ինքն արժանի՞ է 800.000 դրամ աշխատավարձ ստանալ. «Եթե ես արժանի չլինեմ, եւ իմ կատարած աշխատանքը վատը լինի, ապա ես այդ պաշտոնում չեմ պաշտոնավարի: Եթե ՀՀ վարչապետը վստահել է ինձ եւ շարունակում է վստահել Արագածոտնի մարզպետի պաշտոնը, ապա գտնում է, որ ես արժանի եմ»:











