Վազգեն Մանուկյանն արդեն որերորդ անգամ տարբեր եթերներում իր դժգոհությունն է հայտնում իշխանություններից, իսկ թե ինչ կորոշի վարչապետը ես հիմա չեմ ասի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը պե՞տք է պաշտոնանկ արվի, թե ոչ:
«Ժամկետի առումով այս պահին հնարավոր չէ պարոն Մանուկյանին որեւէ ձեւով աշխատանքից ազատել, մեկ տարին ապրիլին է լրանում: Եթե պարոն Մանուկյանը, այնուամենայնիվ, տարբեր տեղեր իր դժգոհությունն է հայտնում եւ երեկ տեսա, որ նա ասաց, թե եթե չեն ուզում աշխատել ինձ հետ, ես կարող եմ գնալ: Ես չգիտեմ՝ արդյոք ինքն ուզում է աշխատել եւ շարունակում է քննադատություններով հանդես գալ: Դա կարծում եմ՝ իր որոշելիքն է»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ Հանրային խորհուրդն ի սկզբանե անիմաստ կառույց է եղել. «Չեմ բացառում, որ այն ստեղծվել է հենց Վազգեն Մանուկյանին որեւէ գործով ապահովելու համար, որովհետեւ Սերժ Սարգսյանը այդպիսի սովորություն ուներ՝ բոլորին կամ ինչ-որ բանով ապահովում էր, կամ ոչնչացնում էր, որ չխոսեն: Հիմա այդ կառույցն այդ տրամաբանությամբ ստեղծված կառույց է: Ես ընդհանրապես աննպատակահարմար եմ համարում նման կառույց ունենալը»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այս հարցը որեւէ տեղ չի քննարկվել, ինքն իր կարծիքն է հայտնում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով:











