Վարչապետը նկատի ուներ բոլոր ոլորտները եւ մեր նախարարությունը բացառություն չէ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով նախօրեին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հատ-հատ, ընդհուպ պինցետով պետական համակարգից արմատախիլ են անելու տգիտության քարոզով զբաղվողներին:

«Եթե տեսնեմ ու նկատեմ նման բան, բնականաբար, քայլեր կձեռնարկեմ: Այս ուղղությամբ շատ կարեւոր անելիք ունենք մենք բոլորս, հատկապես լրատվամիջոցները, որովհետեւ կրթություն ասելով, տգիտության դեմ պայքար ասելով մենք նկատի ունենք հանրային իրազեկությունը, կրթությունը»,-ասաց նա: