Տրամաբանական չէր լինի, եթե ես շատ գոհ լինեի հաջորդ տարվա բյուջեից, որովհետեւ սոցիալական ոլորտին միշտ չեն հերիքում գումարները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Բայց վստահեցնում եմ, որ այն գումարները, որ հատկացվել են, իսկ այս տարի շուրջ 48 մլրդ դրամով ավելի շատ է հատկացվել սոցիալական ոլորտին, դրա շրջանակներում ավելի արդյունավետ կիրականացնենք մեր ծրագրերը եւ քաղաքականությունը: Այդ ավելացման մեծ մասն ուղղվելու է կենսաթոշակների բարձրացմանը միշինը 10 տոկոսով, ժողովրդագրական ծրագրերի իրականացմանը, , առաջին, երկրորդ երեխայի ծննդյան միանվագ աջակցությանը, մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքին ուղղված աջակցությանը: Բաից այդ մենք մի քանի նոր ծրագրեր ենք իրականացնելու, որոնք վերևաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությանը, բռնության ենթարկված անձանց համար ապաստարանների ծառայությունների տրամադրմանը, նրանց ֆինանսական կարճաժամկետ աջակցությանը եւ այլն: Այն բոլոր ծրագրերը, որ նախկինում եղել են, փորձել ենք ավելի արդյունավետ դարձնել, ունենք նաեւ բազմաթիվ նոր ծրագրեր»,-ասաց նա:
Անդրադառնալով 2050 թվականին 5 մլն բնակչություն ունենալու ծխոստումներին, նախարարն ասաց, որ ժողովրդագրական վիճակի բարելավումը միայն մեկ ոլորտից չի կախված. «Օրինակ, մենք պետք է կարողանանք ապհովել կանանց համար աշխատանքի եւ ընտանեկան պարտականությունների համատեղելիության հարցը, բնակարանային ապահովումը մարզերում, քաղաքներում: Պետք է կարողանանք զբաղվածության խնդիր լուծել, տնտեսական ակտիվությունը կարողանանք ապահովել: Շատ կարեւոր են ցերեկային եւ խնամքի ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը, որպեսզի բոլոր բնակավայրերում դա լինի:
Մենք կարեւորում ենք ներգաղթը, որովհետեւ միայն ՀՀ-ում ապրող բնակչությունը նման աճ չի կարող ցույց տալ: Նաեւ կարեւորում եմ առողջապահական ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են անպտղության դեմ պայքարին: Սրանք համալիր խումբ է, որոնց ուղղությամբ բոլորը պետք է աշխատեն»,-ընդգծեց Զարուհի Բաթոյանը:











