Բոլոր նախագահների ժամանակ մինչեւ այսօր Հայաստանում չէր ձեւավորվում նորմալ ընդդիմություն, «Ազգային օրակարգ» կուսակցության ստեղծումով այդ բացը կլրացվի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարեց Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության համանախագահ Ռուդիկ Հյուսնունցը:
«Դրանում վստահ եմ, որովհետեւ մեր կուսակցական ընկերների հետ բազմաթիվ շփումներ ենք ունեցել, գիտենք իրենց տեսակետները, իրենց մղումները, տեսլականը, որոնք ներառված են կուսակցության ծրագրային դրույթներում: Վստահ եմ, որ այս կուսակցությունը քաղաքական կյանքին թարմություն է հաղորդելու: Պետք է այնպես անեք, որ ՀՀ քաղաքական դաշտում ձեւավորվի նորմալ ընդդիմադիր ուժ: Եվ այդ ուժը պետք է ամեն ինչ անի, որ անկախ նրանից, թե ով է այսօր գործող իշխանությունը, գոտեպնդված աշխատեն հանուն Հայաստանի զարգացմանը»,-ասաց Հյուսնունցը՝ խոստանալով իրենց քաղաքական փորձը փոխանցել նորաստեղծ կուսակցությանը:
Նա նկատեց, որ 15 տարվա ընթացքում «Ազատ հայրենիք» կուսակցությունը Արցախում ոչ մի ընտրության ժամանակ չի պարտվել. «Վերջին ընտրությունների ժամանակ 228 համայնքներից 175-ում հաղթանակ ենք տարել: Սա փաստ է, որ ժողովրդի հետ անկեղծ երկխոսությունը բերում է քաղաքական հաջողության»:











