ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերում ցուցադրել է այն առանձնատունը, որտեղ տեղափոխվել է՝ ընտանիքի հետ միասին: Խոսքը այն առանձնատան մասին է, որտեղ ապրել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ նախքան հեղափոխությունը որոշվել էր, որ այս առանձնատունը, որն ինքն անվանում է երկրի թիվ մեկ առանձնատուն, պետք է սեփականաշնորհվի Սերժ Սարգսյանին որպես երրորդ նախագահի:

«Հետո երբ արդեն պարզ էր, որ հեղափոխությունը հաղթելու է, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը գոնե առժամանակ կարծում է, որ այդ որոշումը պետք է կասեցնել: Մեր կառավարությունը որոշում կայացրեց եւ սեփականաշնորհման վերաբերյալ որոշումը չեղարկվեց: Մենք համարեցինք, որ այս առանձնատունը պետք է վերադարձվի պետությանը»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն այս առանձնատնից հեռացավ, մի քանի օր առաջ իրենք տեղափոխվել են այս առանձնատուն: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը մանրամասն ցույց տվեց առանձնատունը՝ նշելով, թե ինչ է ավելացել կամ պակասել:

Նա տեղեկացրեց, որ ի հեճուկս տարածվող բազմաթիվ լեգենդների՝ թե առանձնատան վերանորոգման վրա 2 մլն դոլար է ծախսվել, այստեղ որեւէ կոպիտալ ներդրում տեղի չի ունեցել. «Մենք որեւէ կապիտալ ներդրում չենք արել: Այս տանը չեն փոխվել դռները, չի փոխվել հատակը, չեն փոխվել խոշոր ջահերը, չեն փոխվել օդափոխիչները, որեւէ պատ չի քանդվել, որեւէ սենյակ չի ավելացել: Այսինքն ինչ եղել է, շարունակել է մնալ:

Այո, գույնն է փոխվել: Երբ Սերժ Սարգսյանի ընտանիքը լքել է այս տարածքը, բացի ներկառուցված կահույքից ոչ մի բան չի մնացել, այսինքն աթոռ, սեղան: Այս ընթացքում այն կահույքը, աքսեսուարները, որոնք «Կոնդ» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում, պահեստներում եղել են, օրինակ, «Ռոյալ»-ը, որ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում եղել են, գտել բերել ենք: Ինչ-որ բաներ էլ ձեռք է բերվել»,-ասաց Փաշինյանը:

Նա ցույց տվեց պատերից կախված լուսակարները, որոնց մի մասը հեղափոխության մոտիվներով են, մի մասը հին տնից են բերել:

Վարչապետը ներկայացրեց նաեւ իր աշխատասենյակը, որտեղ կային հեղափոխական մոտիվներով արձանիկներ. «Այստեղ մի փոքր անձի պաշտամունքային անկյուն է»,-կատարով նշեց նա:

Վարչապետը նշեց, որ կահույքի մեծ մասը, որ ավելացել է, հայկական արտադրության է: Նա ներկայացրեց ներքեւի հարկում գտնվող գինիների մառանը, վարսավիրանոց-սենյակը, որը հնուց եղել են:

Փաշինյանը հատուկ ընդգծեց, որ առանձնատան առաջին նորոգման աշխատանքը արվել է բանվորների կացարանում, որովհետև անմարդկային պայմաններում էին նրանք. «Առաջին գործը, որ արվել է, բանվորների և աշխատողների պայմանները բերվել են մարդկային նորմալ վիճակի, այս տարածքում աշխատող բանվորներն ունեն ցնցուղ, մաքուր, արժանապատիվ, քաղաքակիրթ սանհանգույց, հանդերձարան, խոհանոցային հատված, որտեղ կարող են սուրճ պատրաստել, նորմալ պայմաններում աշխատել: Այսինքն՝ առաջին գործը, որ արվել է, արվել է սպասարկող անձնակազմի աշխատանքային պայմանները նորմալ վիճակի բերելու համար: Սա պետական գույք է, գտնում եմ, որ վերջնականորեն այս գույքը վերադարձվել է պետությանը»,- ասաց նա:

Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ սա պետք է լինի հանրապետության ղեկավարի առանձնատունը, որը չի կարող սեփականաշնորհվել երբեւէ. «Շատ հպարտ եմ, որ ավանդույթ ունեն՝ սահմանապահ գյուղերի շրջանավարտների ավանդական ավարտական երեկոն տեղի է ունենում այստեղ:

Անդրադառնալով խոսակցություններին, որ այս առանձնատան վերանորոգման վրա 2 մլն դոլար է ծախսվել, Փաշինյանն ասաց, որ ամեն ինչը հաշվի առնելով, առնվազն 10 անգամ ավելի պակաս գումար է ծախսվել: