ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի շենքում այսօր՝ նոյեմբերի 26-ին, տեղի ունեցավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի օրակարգում հանձնաժողովի ընտրության հարցն էր:
Հանձնաժողովի 5 անդամներից երկուսն ինքնաառաջադրվեցին նախագահի պաշտոնում՝ Էդգար Շաթիրյանը եւ Հայկուհի Հարությունյանը:
Բաց քվեարկությամբ, 3 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը:
Նշենք, որ օրեր առաջ է ձեւավորվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը»՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի, եւ Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել էին խորհրդարանի կողմից:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում եւ լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների եւ դատախազների) էթիկայի կանոնների խախտումների եւ իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ., վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ հայտարարագրերի ռեեստրը, հրապարակում է հայտարարագրերը, քննում եւ լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր, իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների եւ միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն եւ դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին, մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական եւ հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր եւ իրականացնում միջոցառումներ։











