Քաղաքական նոր համակարգը դեռ չի ձեւավորվել պայմանավորված այն ցնցումով, որ կուսակցություններն ապրեցին իշխանափոխության ժամանակ, NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Ըստ նրա՝ մինչեւ այդ էլ լիարժեք քաղաքական համակարգը ձեւավորված չէր, քանի որ կար հանրային անվստահություն ընտրությունների հանդեպ, իսկ կուսակցությունների հիմնական գործը  ընտրություններին մասնակցելն է։

«Հետեւաբար քաղաքական համակարգը պետք է քայքայվեր եւ այդ քայքայումը սկսվել էր վաղուց։ Հիմա այդ կուսակցությունները դեռեւս չեն կարողանում ձեւավորվել եւ դա չի վերաբերում միայն ընդդիմադիր համարվող կուսակցություններին, այլեւ ՔՊ-ին։ Մենք տեսնում ենք, որ ՔՊ-ն քաղաքական կյանքում գոյություն չունի․ կա ֆորմալ «Իմ քայլը» դաշինք եւ կա Նիկոլ Փաշինյան, որը հանրային կամ իշխանական դիսկուրսն է տանում։ Վերջ», ասել է Ստեփան Դանիելյանը։

Այսինքն, քաղաքագետի  խոսքով, բոլոր կուսակցություններն, ըստ էության, խնդիրներ ունեն հանրային վստահության հարցում. «Եվ մենք պետք է նաեւ հասկանանք, թե կուսակցություններն ի՞նչ են առաջարկում  հանրությանը, որո՞նք են  երկրի զարգացման ուղղությունները, եւ դա, առաջին հերթին, նաեւ գիտական միտքն է, կադրերի ընտրության հարցը, այսինքն  գիտական ինստիտուտներ պետք է աշխատեն այդ կուսակցությունների համար, կուսակցությունները պետք է իրենց ինտելեկտուալ կենտրոնները ձեւավորեն, հիմա, կարծես թե, ինչ-որ նման գործընթացներ գնում են», ասել է նա։

Վերջին շրջանում դրական տեղաշարժերից Ստեփան Դանիելյանն առանձնացրել է ճանապարհաշինությունը. «Այն իրոք շատ կարեւոր է տնտեսության զարգացման համար, կոմունիկացիաները կարգի բերելու համար։ Մյուս հաջողությունը երեւի հանրության մի զգալի հատվածի ուրախ տրամադրություններն են ու գոհ լինելը կյանքից։ Եւ մյուսը, թերեւս այն էր, որ գորշ մթնոլորտը պետք էր ջարդել եւ այդ մթնոլորտը ջարդվեց, տեղի ունեցավ իշխանափոխություն, սակայն հետո ինչ կատարվեց՝ դա արդեն քննարկելու թեմա է, եւ թե մենք ո՞ւր ենք գնում՝ այդ հարցականները դեռեւս կան»։