Երեւանում 20 հատ խանութ կա, ի՞նչ ենք անելու, սուպերմարկետներն ու հասարակական սննդի կետերը 5–րդ ձեւով են միսն ուզում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին, լրագրողների հետ զրույցում ասացին Կառավարության դիմաց սպանդանոցների դեմ բողոքի ակցիա իրականացնող գյուղացիները։
Նրանց խոսքով՝ չնայած նրան, որ Կառավարությունը մինչեւ հուլիս ժամանակ տվեց պարտադիր սպանդանոցային մորթին անցնելուն, իրենք հայտնվել են խնդրի առաջ։
«Բոլոր փոքր անասուն պահողներին, ոչ թե խոշոր ֆերմերներին, ձեռք չի տալիս, ծախսերը մեծ է։ Հաշվել ենք հատից 20–25 հազար դրամ դուրս ենք տալիս, ընդհանրապես ձեռք չի տալիս, չենք ուզում պահել։ Ժողովրդին կոչ ենք անում, եթե պատրաստ չեն այս պայմաններով աշխատել, թող հավաքվեն, մենք մեր պահանջը ներկայացնենք կառավարությանը»։
Նրանց խոսքով՝ չնայած, նրան, որ փոքր խանութներում դեռ պարտադիր չէ 5–րդ ձեը, իրենք միսն իրացնելու խնդիր ունեն. «Երեւանում 20 հատ խանութ կա, ի՞նչ ենք անելու, սուպերմարկետներն ու հասարակական սննդի կետերը 5–րդ ձեւով են միսն ուզում։ Մնացել են այդ 20 խանութները, բայց ժողովուրդն այսօր այդտեղից էլ առեւտուր չի անում, մտնում, տեսնում են 5–րդ ձեւ չկա, դուրս են գալիս»։
Նրանց խոսքով՝ իրենք հաշվարկ են արել եւ հասկացել են, որ արդյունքում տուժվում են. «Իմ վրա միսը նստած է 2100 դրամ, բայց ես ծախում եմ 1700 դրամով, որտե՞ղ է այդպես բան գրած, սա՞ է բիզնեսը։ Գյուղացին ի՞նչ ձեւով վարկը փակի։ 50 հոգով նստում օրենքն ընդունում են, ասում են սա է, որ կա, վերջ, թող իջնեն մեր վիճակը տեսնեն։ Սպանդանոցը 1 խոզ մորթելու համար 5000 դրամ փող է ուզում, 3 հատից պակաս էլ չի ընդունում, այդ միսը 1500 դրամ է լինում, բայց իմ վրա 2100 դրամ է նստում, հաշվարկ արեք, նման բիզնես, որտե՞ղ եք տեսել, նստել որեշել են, որ այդպես պետք է լինի ու վե՞րջ։ Թող իջնեն գան մի հատ ցուլ կա, բարձեն, տանեն բոյնի. ցլի պարանը տան՝ կփախնեն»։
Նրանք դժգոհեցին նաեւ սպանդանոցները բնակելի շինություններից հեռու կառուցելու որոշումից. «Ասում են սպանդանոցները պետք է 350–500 մետր բնակելի տներից հեռու լինեն, որտե՞ղ գնանք սարքենք, այդքան հեռավորության վրա պետք է լույս ու ջուր տարվի, ճանապարհ սարքվի։ 100 հազար դոլար գումար է պետք նման ծախս անելու համար, 100 հազար դոլար ունենանք խի՞ ենք անասուն պահում։ Խնդրում ենք, որ թողեն թրիք թափենք, թափում ենք, թողեք մեր տանջանքը մենք վայելենք»։
Գյուղացիները կոչ արեցին բոլոր անասնապահներին վաղը ժամը 11։00 հավաքվել Կառավարության շենքի առաջ եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնել։
Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, որով սահմանվում է, որ սպանդանոցային գործունեություն ծավալելու մտադրություն ունեցող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով, 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորում ստանալ, որից 7 տոկոսի չափով կսուբսիդավորի կառավարությունը եւ իրենց կման միայն 4 տոկոսը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով կառավարության անդամները մանրամասն նկարագրեցին, թե ինչ պետք է անի մարդը, ով ցանկանում է այդպիսի գործունեություն ծավալել: Պարզվեց, որ դեռեւս հստակ չեն այն չափորոշիչները, որոնց պետք է համապատասխանեն սպանդանոցները, այդ թվում շարժական:
Փաշինյանը նշեց. «Ստացվում է, որ մենք մարդկանց ֆինանսավորում ենք սպանդանոց կառուցելու համար, բայց չափանիշները դեռ նոր ենք սահմանելու՞: Տենց չեղավ: Մարդը գնում առնում, բերում է, ասում ենք՝ չէ, սխալ բան ես առել»:
Տիգրան Խաչատրյանն էլ արձագանքեց, որ երեք շաբաթվա ընթացքում կբերեն ու կներկայացնեն բոլոր փոփոխությունները, որոնք սահմանվելու են:











