Ազգային Ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստում խորհրդարանի նախագահը տեղեկացրել է, որ արտահերթի նախաձեռնողն առավոտյան հետ է կանչել օրակարգում ընդգրկված Սահմանադրական փոփոխությունների նախագծերը: Եվ քանի որ օրակարգում հարց չի մնացել, նիստը համարվում է փակված: «Ըստ երեւույթին, ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով են նախագծերը հետ կանչվել: Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր համանման օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ», ասել է Արարատ Միրզոյանը:
ԱԺ խորհրդի նիստում այդ աղմկահարույց նախագծերը նոր կազմով են ներկայացվել. մեկ հարց է մնացել օրակարգում, եւ դա Սահմանադրական փոփոխությունների հարցն է, ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը նշել է, որ եւ իրենք, եւ ԲՀԿ-ն ԱԺ խորհրդում դեմ են քվեարկել այս նախագծերին:
Ազգային ժողովի երկրորդ արտահերթ նիստին որոշվել է արտահերթ նիստ հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխությունների հարցը: Նախաձեռնության տակ ստորագրել է «Իմ քայլի» 44 պատգամավոր: Այդ նախագծի ընդունման դեպքում՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կարելի է անել առանց ՍԴ-ի եզրակացության: Նոր նախագծով առաջարկվում է Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:
Այդ փաթեթն ինչքան էլ շտկեն, այն չի կարող շտկվել, որովհետեւ հակասահմանադրական է, լրագրողներին ասել է Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունն անընդհատ ինքն իր ոտքի վրա է կրակում։
Երեկոյան քվեարկությամբ «Իմ քայլի» պատգամավորների ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների փաթեթը մերժվեց։ Ազգային ժողով եկավ եւ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի ելույթից հետո Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի։ Նախագծին կողմ քվեարկեց 0, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 87 պատգամավոր։ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր հայաստանը» դեմ քվեարկեցին նախագծին։ Այնուհետեւ քվեարկությամբ որոշվեց Մայր օրենքի փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի։
Սահմանադրական դատարանի 24-ամյակի առիթով տոնական միջոցառման ժամանակ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ մի քանի հարյուր մետր այն կողմ տեղի ունեցող պրոցեսին գնահատական կտա պատմությունը։ Թովմասյանն ասել է, որ Սահմանադրական դատարանը քաղաքական ինստիտուտ չէ եւ անթույլատրելի է ստուգել դատական համակարգի քաղաքական վստահության աստիճանը։ Նա վստահեցրել է, որ դատարանի բոլոր անդամները երբեք չեն ընդունի այնպիսի որոշում, որի համար կամաչեն։
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայաստանյան թերթերի խմբագիրների հետ հանդիպմանն ասել է, որ իր հրաժարականի պատճառներից է եղել Հրայր Թովմասյանի հարցը: Ըստ նրա՝ ինքը չէր կարող մասնակցել վերջին շրջանում Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներին։
Արթուր Վանեցյանը պատմել է, որ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանին ճանաչում է շատ վաղուց, ընկերներ չեն եղել, բայց ունեցել են նորմալ շփումներ: Հիշեցնենք, որ այդ հանդիպումից հետո էր վարչապետ Փաշինյանը հայտարարել, թե վզից բռնած Վատիկանի պադվալներից հանելու են բոլոր կոռուպցիոներներին։
Վանեցյանն ափսոսում է, որ վերջին ձերբակալություններով այդպիսի ցածր մակարդակի է իջեցվում ողջ իրավապահ համակարգի գործունեությունը և անլրջացվում է: Մարդիկ արդեն ծիծաղում են: Մարդը բերման է ենթարկվում, դուրս է գալիս ծաղրում է և անթույլատրելի հայտարարություններ է անում: Նրա խոսքով՝ վարչապետը բազմիցս տվել է այնպիսի հանձնարարություններ, որոնք ուղղակի կատարման ենթակա չեն:
«Դավաճան լինելու գնահատականից թող վախենան նրանք, որոնք դավաճանել են հեղափոխության գաղափարներին եւ իրենց անձնական շահը վեր դասեցին հանրային շահից», ասել է Վանեցյանը: Երկրորդ նախագահի դատավարության մասին նա ասել է, որ այն չէր կոչի Ռոբերտ Քոչարյանի գործ, քանի որ «Մարտի 1-ի» գործի մասին է խոսքը, որը պետք է բացահայտի 10 մարդու սպանությունը: Մինչդեռ այս քննությունն, ըստ նրա, չի նպաստում դրան։
Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը երկրորդ նախագահի գործով: Այդպիսով, Վերաքննիչը չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը: Իսկ գործի նյութերի ամբողջական ծավալով տրամադրելու Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ մերժել։
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երեւում է, որ մի տղամարդ Տիգրան Մեծի պողոտայում դանակը պահել է մի կնոջ պարանոցին և սպառնալիքներ է հնչեցնում։ Ոստիկանությունից հայտնել են, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների և դեպքի վայր կանչված արագ արձագանքման խմբի ծառայողների գործողությունների շնորհիվ, տղամարդը վնասազերծվել է և բերման ենթարկվել։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.13 դրամով եւ կազմել 478.85 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.01 դրամով ու կազմել 526.78 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.95 դրամով ու կազմել 621.45 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով ու կազմել 7.58 դրամ։
Փետրվարի 7-ին օրվա երկրորդ կեսից սկսած մի քանի օր Հայաստանի մարզերի մեծ մասում ձյուն է տեղալու։ Փետրվարի 8-11-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով: Երեւանում եւս տեղումներ են սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի՝ +4+6, վաղը ցերեկը՝ +11+13։











