Հովտաշատում հարսը խեղդել է սկեսուրին։ Նոր հանգամանքներ են ի հայտ եկել փետրվարի 29-ին Մասիսում տարեց կնոջ մահվան գործով։ Մարտի 1-ին Մասիսի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ տարեց կինը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ կենցաղային հողի վրա վիճել է 31-ամյա հարսի հետ, որը գլխաշորով խեղդամահ է արել նրան: 3 եւ 8 տարեկան որդիներ ունեցող երիտասարդ կինը ձերբակալվել է։ Հովտաշատում պատմել են, որ շաբաթներ առաջ մեծ չափաբաժնով դեղեր ընդունելով նա փորձել էր ինքնասպան լինել։

Ազգային անվտանգության ծառայությունը կսկսի փուլ առ փուլ մաքրվել դավաճաններից եւ նրանցից, ովքեր հայրենասեր չեն, արատավորում են սպայի պատիվը, Ազգային ժողովում ասել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Գեւորգ Գորգիսյանի հարցին, որը վերաբերում էր իրավապահ համակարգում դավաճանների առկայության մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությանը։

Դավաճանների թեմայով Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ  Թբիլիսիում՝ հայ համայնքի հետ հանդիպմանը։ Մեր կադրային քաղաքականությունն իդեալական չէ, բայց մենք չենք վախենում դա խոստովանելուց, երբ վերջերս խոսում էի իրավապահ համակարգում դավաճանների մասին, դա նույնպես խոստովանություն է, ասել է վարչապետը

Վրաստան պաշտոնական այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել իր պաշտոնակցի, նախագահի, համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հետ։ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել է, որ վերջին մեկուկես տարում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդել։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իրեն առաջադրված կասկածանքը չի ընդունում։ Լրագրողների հետ զրույցում Օհանյանն ասել է, որ  որ ինքը առնչություն չունի «Ձորա ՀԷԿ»-ի օտարման գործին, այդ գործընթացն իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը։ Հիշեցնենք, որ նախօրեին ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Սեյրան Օհանյանը կասկածյալ է առանձնապես խոշոր չափերի` 1 միլիարդից ավելի  դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու համար:

Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց տնտեսության մեջ զարգացել եմ, փորձը լիարժեք տիրապետում եմ, ձեռքս պուլսի վրա է, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տնտեսական հեղափոխության հեռանկարին, ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Գարունը եկել է, բայց, Ծառուկյանի խոսքով՝ գյուղերում ոչ սերմ կա, ոչ մեխանիզացիա, ոչ սալյարկա, ոչ սելիտրա, ինչո՞վ պետք է մարդիկ զարգանան:

ԲՀԿ առաջնորդը շատ վատ է վերաբերվում կորոնավիրուսի դեմ իշխանության պայքարին։ Վարակակրին ու նրա հետ շփված անձանց Ծաղկաձորում տեղավորելու որոշմանը եւս Ծառուկյանը վատ է վերաբերվում, քանի որ դրա հետեւանքով առողջարանային գոտին դատարկվել է:

«Իմ քայլը» խմբակցությունից Հրաչյա Հակոբյանը, որը վարչապետ Փաշինյանի աներորդին է,  լրագրողներին ասել է, թե ինքը դիմակ ձեռք բերելու փորձեր չի արել, բայց, նրա բառերով՝  իրավիճակը մի փոքր ուռճացված է: Հակոբյանն արձագանքել է նաեւ Ծառուկյանի՝ «բարի մարդկանց այդ վիրուսները չեն կպնում» դիտարկմանը։ Ինչ վերաբերում է Ծաղկաձորի հյուրանոցների դատարկվելուն, Հրաչյա Հակոբյանն ասել է, որ երկու օր առաջ բարձրաստիճան պաշտոնյաներ են գնացել Ծաղկաձոր եւ բոլորովին այլ պատկեր է եղել:

Ծառուկյանը շատ պարզ ասաց, որ Ծաղկաձորը դատարկ է եւ ով կասկածում է, թող գնա՝ համոզվի, անգամ առաջարկեց մեքենա տրամադրել, լրագրողներին ասել է ԲՀԿ խմբակցությունից Գեւորգ Պետրոսյանը:

Ծաղկաձորի հյուրանոցներից մեկի մենեջեր Խաչատուր Մովսիսյանը news.am-ի թղթակցին ասել է, որ տեղացիները չեղարկել են 5-6 համարների ամրագրումներ: Խոշոր հյուրանոցներից մեկում էլ մարտի 2-ի դրությամբ ոչ մի այցելու չի մնացել, նախօրեին նրանք լքել են Ծաղկաձորը: Հյուրանոցի տնօրենը՝ Նարինե Բեգլարյանը հայտնել է, որ մի քանի հոգի էլ չեղարկել են առաջիկա օրերի համար ամրագրումները:

Ծաղկաձորի բնակիչն էլ  NEWS.am-ի հետ զրույցում սխալ որոշում է համարել 32 քաղաքացիներին «Գոլդեն Փելեսում» մեկուսացնելը։ Ըստ նրա՝ Հայաստանում շատ տեղեր կան, որ բնակավայրերից բավականին հեռու են եւ կարող էին այնտեղ տանել, իսկ այս հյուրանոցը բնակավայրին մոտ է, քաղաքն էլ զբոսաշրջային է։

Հաշվի առնելով Իրանում համաճարակաբանական իրավիճակը՝ Հայաստանի կառավարությունն արտահերթ որոշում է ընդունել հայ-իրանական սահմանով հաղորդակցության սահմանափակումները եւս 2 շաբաթով երկարաձգելու մասին՝ նվազագույնը մինչեւ մարտի 24-ը, ֆեյսբուքյան էջից հանրությանը հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հիշեցրել է, որ գարնանը վիրուսներից շատերը սկսում են նահանջել, եւ նույնը պետք է սպասել նաեւ այս դեպքում:

Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3119-ի, բայց մահացությունը վերջին օրերին անշեղորեն նվազում է. եթե նախկինում մեկ օրում գրանցվում էր մահվան 100-ից ոչ պակաս նոր դեպք,  երբեմն գրեթե 250, ապա անցած մեկ օրում գրանցվել է 66 մահ: Հիվանդացության աճի տեմպերը նույնպես նվազում են, հատկապես Չինաստանում: Սակայն հիվանդների թվով երկրորդը համարվող Հարավային Կորեայում հիվանդացությունը շարունակում է աճել։  Երրորդ տեղում է Իտալիան է, չորրորդում՝ Իրանը: Կորոնավիրուսով վարակվել է Իրանի խորհրդարանի 23 պատգամավոր։

Երկրորդ նախագահի փաստաբանները դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի հերթական միջնորդությունն են ներկայացրել։ Պաշտպան Հայկ  Ալումյանը շարադրել է այն հանգամանքները, որոնք բացառում են Աննա Դանիբեկյանի մասնակցությունը: Նա հիշեցրել է ԲԴԽ նախագահի ասածը, թե «իշխանությունները ցանկանում են, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի եւ Աննա Դանիբեկյանի նման», դատավորների մասին Փաշինյանի խոքերը, հայտնի գաղտնալսումները, վարչապետի օգնականների, այլ պաշտոնյաների գրառումները՝ երկրորդ նախագահին բացառապես բանտում տեսնելու մասին։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակի մարտի 6-ին։

Այդ հետաձգումը կարող է տպավորություն թողնել, որ դա որոշում կայացնելուց խուսափելու ինչ-որ ձեւ է, լրագրողներին ասել է  երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը։ «Այն ամենից հետո, ինչի ականատեսն ենք ամիսներ շարունակ, չեմ կարծում, որ նա կընդունի ինքնաբացարկը»,- ասել է Քոչարյանը։

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպել է Միջնավան և Ծաղկաբերդ համայնքների ընտրողներին, հայտնում են Բալասանյանի գրասենյակից։ Բնակիչները դժգոհել են հողատարածքների անարդյունավետ բաշխումից եւ օգտագործումից, նաեւ հետարքրքվել Արցախի խնդրի լուծման հարցում Բալասանյանի տեսլականով։

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թուրքիայի պաշտոնակցին Արցախյան խնդրի կարգավորման միջամտելու ջանքերին արձագանքել է Նոր Կտակարանից մեջբերումով։ Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Մեւլյութ Չավուշօղլուի՝ ակտիվանալու եւ խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում լուծելու կոչը, Մնացականյանը վկայակոչել է Ղուկաս Ավետարանիչին. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո», ինչը նոր հայերենով նշանակում է «Բժի՛շկ, ինքդ քեզ բուժի՛ր»:

Եթե իրավական պետություն կառուցելու ճանապարհով ենք շարժվում, ապա պետք է խոսենք օրենքով գործելու մասին՝ թե ինչ է հնարավոր անել այս կամ այն պաշտոնյայի թերացման դեպքում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով բանակում իբր անպատժելիության մթնոլորտի մասին խոսակցություններին: Բալայանը նաեւ նշել է, որ առողջ քննադատության առաջին շահառուն հենց իրենք են։

Ավտոներկրողները  բողոքի ցույց են իրականացրել Հայաստանում Վրաստանի դեսպանատան առաջ։ Նրանք բողոքում են, որ 2019 թվականի օգոստոսից սկսած՝ վրացական «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել ավելի քան 1000 մեքենայի պատճառած վնասները։ Այդ ընկերության մենեջերներն ասել են, թե տուգանքները իրենք են անօրինական կերպով արել, որ հայերին սթափեցնեն,– պատմել է ակցիայի մասնակիցներից մեկը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը  նախորդ օրվա համեմատ այսօր աճել է 0.07 դրամով  եւ կազմել  478.87 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.48 դրամով ու հասել  532.89 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.28 դրամով ու կազմել  612.28 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան է աճել ու կազմել 7.21 դրամ։

Հայաստանում մարտի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +14+16: