Ուկրաինայի Բուկովինա շրջանում կորոնավիրուսով վարակված առաջին կինը, որը վարակել է տասնյակ այլ բնակիչների, մարդկանց սպառնալիքների պատճառով դիմել է հարեւաններին եւ ներողություն խնդրել, գրում է «Ապոստրոֆ»-ը:

Ելիզավետան վերջերս էր վերադարձել Իտալիայից: Հավանաբար, հենց այնտեղ է նա վարակվել կորոնավիրուսով: Տուն վերադառնալով՝ նա ակտիվ մասնակցություն է ունեցել իր Կոլենկովցի գյուղի հասարակական կյանքում:

Կինը հանրահավաքների է մասնակցել:

Արդյունքում նա վարակել է ոչ միայն իր երեխաներին եւ թոռներին, այլ նաեւ գյուղի ղեկավարին, համագյուղացիներին: Այժմ 14 համագյուղացի հիվանդանոցում է: Չեռնովիցկի շրջանում վարակման 59 դեպք է հայտնաբերվել:

Կարանտինի մեջ է գտնվում եւս 3 գյուղ՝ Տոպորովցին, Բոչկովցին եւ Գրոզնենցին:

Ելիզավետան այդ կապակցությամբ տեսանյութ է հրապարակել, որում  պատմում է, որ ինքն արդեն ապաքինվել է եւ տանն է: Նա նաեւ խոստացել է այլեւս չմեկնել Իտալիա՝ աշխատելու:

Նա ասել է, որ լսել է, թե ինչպես են մարդիկ ցանկանում այրել իր տունը, ինչպես նաեւ սպառնացել են նրա երեխաներին եւ թոռներին:         

«Մի՛ սպանեք նրանց, եթե ուզում եք, ինձ սպանեք: Երեխաներս ամեն գիշեր չեն քնում վախի պատճառով»,- արտասվելով ասել է կինը:

Կինը նաեւ ասել է, որ տանը ուտելիք չունի, ուտում են մնացած մակարոնեղենը, քանի որ վախենում են փողոց դուրս գալ եւ լսլե հարեւանների սպառնալիքները: Ելիզավետան ծնկի է եկել եւ խնդրել իր ընտանիքին հանգիստ թողնել: «Եթե ուզում եք, սպանեք ինձ, բայց հանգիստ թողեք իմ երեխաներին: Հավատացեք, որ ոչ մի մայր եւ տատիկ չէր ցանկանա նման ցավ պատճառել իր հարազատներին: Ձեզ եւս չեմ ցանկացել, ներեցեք»,- խնդրել է նա:

Նշենք, որ Կոլենկովցիում հայտնաբերվել է վարակման 14 դեպք, վարակվածների թվում են Ելիզավետայի երեխաներն ու թոռները: