22-ամյա Ասատուր Չաքմանյանն այսօր երկշաբաթյա բացակայությունից հետո տուն է վերադարձել, բայց ընտանիքի անդամներին գրկելու, նրանցից կարոտն առնելու հնարավորություն չի ունեցել․ կորոնավիրուսի տարածման պայմաններում թեստի բացասական պատասխանն անգամ բացարձակ երաշխիք չի, որ վտանգավոր չես շրջապատիդ համար։

Ասատուրի զգուշավորության պատճառը վերջին 14 օրերին ռիսկային գոտում գտնվող մեկուսացվածների հետ շփումներն են։ ԵՊԲՀ 6-րդ կուրսի ուսանողը անձամբ էր դիմել՝ այս օրերին կամավորական աշխատանք անելու եւ երկու շաբաթ առաջ պարետատան հրավերով մեկնեց երեւանյան հյուրանոցներից մեկը՝ կարանտինում գտնվողների խնամքով զբաղվելու։ Ասատուրը, եւս երկու կամավոր եւ մեկ բժշկուհի այդ ընթացքում խնամել են շուրջ 80 քաղաքացու։

«Օրը 3 անգամ ջերմաչափում էինք անում, սնունդ բաժանում կոնտակտավորներին, հասանելի էինք հեռախոսազանգի միջոցով, եթե ինչ-որ բանի կարիք կար, գնում, օգնում էինք»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է նա։

Զբաղված աշխատանքային գրաֆիկի եւ հանգստի արանքում լիցքաթափվել  են Ասատուրի երաժշտական կատարումներով։ Ընդմիջումներին երգել է մեկուսացածների համար՝ հյուրանոցի պատուհանից, օրվա ավարտին էլ պարի մարտահրավերներ տեսագրել կամավոր ընկերների հետ։ Կյանքի ամենաարտակարգ փորձությունից Ասատուրը պատասխանատվության դասն է սերտել։

«Եկել եմ տուն, ուզում եմ քնեմ, հանգստանամ, չեմ կարողանում, սպասում եմ, որ կարող է՝ հիմա զանգեն, մի բան պետք գա»,- ասում է նա։

Թեեւ չի կարողացել շփվել կարանտինում գտնվողների հետ, բայց խնամակալի հոգատարությունը անուղղակիորեն մտերմացրել է նրանց։

«80 եւ ավելի հոգանոց ընտանիքում ես երբեք չէի ապրել, մեծ տուն, որոնց հետ ընտանիք ես կազմում, նույն ժամին սնվում ես, կապ ես հաստատում մի բան պետք լինելու դեպքում։ Հենց իրենք գնացին իրենց ընտանիքներ, այդ պահին բոլորս միասին ասացինք՝ կարոտելու ենք։ Ու ես կապի մեջ եմ մնալու իրենց հետ»,- նշում է Ասատուրը։

Ասատուրը որոշել է որոշ ժամանակ տանը մեկուսացված մնալ եւ ավարտական քննություններին պատրաստվել, ինչից հետո չի բացառում, որ կարիքի դեպքում կրկին անցնի կամավորական աշխատանքի։