Ապրիլի 17-ին՝ ժամը 11-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 42 նոր դեպք է գրանցվել: Հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով՝ ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 1201 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 780 անձ: Ապաքինվել է 402 մարդ, 19 պացիենտ մահացել է:

Կորոնավիրուսից Հայաստանում 19-րդ մահացածը հայտնի երգիչ Սարգիս Շիբոյանն է: 58-ամյա Շիբոյանն ունեցել է նաեւ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, ճարպակալում: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում մինչեւ հիմա կորոնավիրուս է հայտնաբերվել 5 աշխատակցի մոտ: Նրանցից երեքը բուժում են ստանում, իսկ երկուսն արդեն ապաքինվել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանը: Ըստ Արմեն Հարությունյանի՝ ԱԻՆ-ի միջոցով տեղափոխվել է 101 կոնտակտավոր, 7 հիվանդ: Ընդհանուր առմամբ, ԱԻՆ-ի տրանսպորտային միջոցներով  տեղափոխվել է 855 կոնտակտավոր, որոնցից 28-ը՝ երեկ՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքից:

Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակված կինը ծննդաբերել է. թե' երեխան, թե' մայրը իրենց լավ են զգում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքով հայտնել է, թե երեկոյան հանդես կգա հեռուստատեսային ուղերձով՝ կորոնավիրուսի համաճարակի եւ դրա բերած սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարման կառավարության անելիքների վերաբերյալ։

Հայաստանի Կենտրոնական Բանկի նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանին կփոխարինի Մարտին Գալստյանը: Գալստյանի թեկնածությանը Ազգային ժողովում կողմ է արտահայտվել 104 պատգամավոր, դեմ՝ 15-ը: Գալստյանը 42 տարեկան է, տնտեգիտության թեկնածու է, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, միջազգային խորհրդատու Համաշխարհային բանկում, դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Մեր երկրում, միգուցե բոլոր երկրներում միշտ կլինեն մարդիկ, որոնք սոցիալապես ավելի խոցելի են եւ չունեն այն երազելի եկամուտները, հետեւաբար միշտ կլինեն քննարկումներ, թե որքանով են պաշտոնյաների աշխատավարձերը կամ պարգեւավճարները բարձր կամ ցածր: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան: Գարեգին Բ կաթողիկոսի հայտնի հայտարարության եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքի կապակցությամբ Արարատ Միրզոյանն անհրաժեշտություն չի տեսնում լրացուցիչ որեւէ բան ասելու:  Այնուհանդերձ կաթողիկոսի հայտարարության մեջ աշխարհիկ գործերին միջամտություն Միրզոյանը տեսնում է:

Խոսքի ազատությունը վերաբերվում է բոլորին, թե հոգեւոր ծառայողները, թե աշխարհիկ քաղաքացիներս ունենք կարծիք արտահայտելու իրավունք եւ բնականաբար Վեհափառ հայրապետն այդ նույն իրավուքից կարող է օգտվել: Կարծիքը Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանինն է:

Հասարակության մի հատվածը իրավունք ունի չհամաձայնելու կաթողիկոսի կարծիքի հետ, բայց որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ իրենց հանգամանքին անհարիր և իրենց ենթադրված գիտելիքին անհարիր արտահայություններ պիտի ունենան Ամենայն հայող կաթողիկոսի հասցեին, սա սպասելի չէր. Armdaily-ի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ  Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Խոսքն, ըստ նրա, ԱԺ փոխնախագահի, հանրային խորհրդի նախագահի, նաեւ ինչ-որ տեղ կառավարության մամլո երիտասարդ օրիորդ խոսնակի մասին է, որոնք մոռացան պահի տակ, թե ում մասին են խոսում, մոռացան, որ իրենց առջև Ամենայն հայոց կաթողիկոսն է, որի առջև իրենք, մեղմ ասած, շատ փոքր կալիբրի մարդիկ են: ԱԺ փոխնախագահի բարձր պաշտոն զբաղեցնող անձը, սրբազանի խոսքով,  չի կարող իրեն պահել փողոցում պպզող թմրամոլի պես, նույնն էլ հանրային խորհրդի նախագահը չի կարող իրեն պահել փողոցային խուլիգանի պես:

Վեհափառի հայտնի հայտարարությունից հետո սկսված արշավն ակնհայտորեն ուղղորդված է, ընդ որում՝ անթաքույց՝ նույն դերակատարներով, նույնատիպ ձևակերպումներով եւ նույն ագրեսիվությամբ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նրա խոսքով՝

Վեհափառն արել է այն, ինչն ակնկալվում է աշխարհի հոգևոր առաջնորդներից, համերաշխության, մարդասիրության, խաղաղության ուղերձներն ուղղված են ավելի լավ հասարակություններ և ավելի լավ երկիր ունենալուն: Կան սահմաններ, որոնք չի կարելի անցնել, դրանք կարմիր գծեր են, որոնց խախտումը պետությունը դարձնում է խոցելի՝ դրսի ուժերի և դրսի ազդեցության համար, ասել է Վանեցյանը:

Ապրիլյան պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստից հետո   հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտքերի հատվածաբար վերաշարադրելու արդյունքում լիարժեք և ճշգրտորեն չեն արտացոլել այն ձևակերպումները, որ նիստում ուղղակիորեն արել է 3-րդ նախագահը, հետևաբար` ամբողջապես չեն ներկայացնում ողջ իրողությունը: Այս մասին NEWS.am-ին ասել է նախագահ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը: Նիստն ի դեպ, տեսաձայնագրված է:

Հայտարարություն է տարածել նաեւ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը: Նշվել է, որ երրորդ նախագահը անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը կաշառքի չի վերաբերում: Այդպիսով նախկին նախագահի պաշտպանները հերքել են լրատվամիջոցներում տարածված լուրը, իբր Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը նշանակվել է մայիսի 8-ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան  էջում գրել է Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։ «Աշխատանքի վերադառնալուց հետո` Դանիբեկյանը դատական նիստը, անհապաղ քննության ենթակա միջնորդության եւ համաճարակային վիճակում նշանակեց մայիսի 8-ին: Սա զավեշտ չէ, սա ծաղր չէ..սա որպես իրավաբան չեմ կարող ասել ինչ է…»,- գրել է Վարդեւանյանը։ Նշենք, որ 1 ամիս է այս գործով դատական նիստը չի կայացել՝ Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով։

Ադրբեջանի Միլի մեջլիսը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով բողոքի նամակ է ուղարկել՝ կապված Արցախում ընտրությունների հետ: Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ բողոքը կապված է իբր «Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի կողմից, այսպես կոչված, «ընտրությունների» անցկացմանը» արձագանքի բացակայության հետ: Նա նաեւ քննադատել է հակազգային ուժերին՝ շեշտելով, որ նրանք իբր ծառայում են Հայաստանի շահերին:

Ակնհայտ է, որ այն երկրում, որտեղ երբեւէ ժողովրդավարական գործընթացի արդյունքում իշխանություն չի փոխվել, Արցախում մրցակցային եւ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում նոր իշխանությունների ձեւավորումը պետք է առաջացներ նյարդային արձագանք, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնալ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ադրբեջանական մեջլիսի բողոքներին: Ըստ նրա՝ Ադրբեջանի նյարդային պահվածքը պայմանավորված է նաեւ այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դրանց խիստ ցածր լեգիտիմության մասին միջազգային հանրության կոշտ գնահատականը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.61 դրամով ու կազմել 483.96 դրամ:  Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.33 դրամով ու կազմել 523.45 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.57 դրամով եւ կազմել 600.98 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով ու կազմել 6.52 դրամ:

Ապրիլի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, կիրակի կարճատև անձրև կտեղա: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երեւանում անձրեւ է սպասվում կիրակի կեսօրից հետո: Մայրաքաղաքում գիշերը կլինի 7-9 աստիճան տաքություն, ցերեկը՝ 22-24 աստիճան: