Ապրիլի 22-ի ժամը 11-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 72 նոր դեպք է գրանցվել: Հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով՝ վարակվածների թիվը հասել է 1473-ի: Փաստացի այս պահին բուժվում է 816 մարդ, ապաքինվել է 633-ը, 24 պացիենտ մահացել է:

Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  չի պատկերացնում, որ Հայաստանում կարող է լինել իշխանություն, որը կարող է գնալ այդպիսի զիջումների, որոնց մասին երեկ խոսել էր Սերգեյ Լավրովը։ «Մինչեւ մենք պատրաստվում էինք մեր արտգործնախարարությունից պարզաբանումներ պահանջել, եղավ նախարար Մնացականյանի ասուլիսը, որտեղ նա հստակ հերքեց սեղանի վրա եղած որեւէ փաստաթղթի հարց, այդ թվում եւ Ռուսաստանի արտգործնախարարի վկայակոչած փաստաթղթի։

Ադրբեջանական կողմը Արցախը դիտարկում է որպես տարածք, հայկական կողմը՝  որպես անվտանգություն, իսկ անվտանգությունը զիջման ենթակա չէ,  այս մասին էլ լրագրողներին ասել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ըստ նրա այժմ բանակցությունների սեղանին փաստաթուղթ չկա:

Առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության, որևէ արդյունավետ հանգրվանի հնարավոր չէ հասնել: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով Մինսկի խմբի՝ երեկվա հայտարարությանը:  Ընդգծելով, որ  առաջնագծում կրկնվող սադրանքները և հայատյաց քաղաքականությունը մեծապես նվազեցնում են պաշտոնական Բաքվի ցուցադրած ձգտումների ազնվության ու վստահելիության մակարդակը, Հարությունյանը կարգավորման սկզբունքների թեմայով 7 կետ է շարադրել, բացառել միակողմանի զիջումները կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումները, շեշտել, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը սակարկության ենթակա չէ եւ բովանդակային քննարկումն անհնար է առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման:

«Վանաձոր» Քրեակատարողական հիմնարկում 20 կալանավոր դիմել է հացադուլի՝ կապված դատավարական գործընթացների երկարաձգման խնդրի հետ, խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ-ից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Վարչապետն իր ուղիղ եթերում ասաց, որ տեքստիլ ոլորտը ապրիլի 20-ից կվերագործարկվի եւ մարդիկ կսկսեն աշխատել, սակայն երեկ Վանաձորում «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները գնացել են աշխատանքի, ոստիկանությունն էլմ տուգանել է մարդկանց, ասել է Էդմոն Մարուքյանը:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ներկայացնելով ԲՀԿ-ի առաջարկը, ասել է, որ տնտեսվարողը արտակարգ դրության պատճառով չաշխատած ամիսների համար հարկային պարտավորությունների չկատարման համար տույժերի չենթարկվի:  օրինակ, եթե մեկը հյուրանոց է կառուցել, որը հիմա չի աշխատում ոչ իր մեղքով, ինքը դրա համար տոկոս չվճարի, ասել է նա եւ բերել  «Տիտանիկ» ֆիլմի օրինակը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ Մոսկվա-Երեւան չորրորդ չարտերային թռիչքով անվճար Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։ Օդանավով տեղափոփվում են նաեւ ռուսական կողմի փոխանցած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, մեր հայրենակիցների հավաքած առաջին անհրաժեշտության պարագաները՝ դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ լուծույթներ եւ այլն։ Օրերով Երեւան մեկնելու հույսով Դոմոդեվոյում սպասող հայերին ավիատոմսերով ապահովել է  «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22-ը փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող  բոլոր ճանապարհները։ Ոստիկանությունը զգուշացրել է, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձվել է։ Սարգսյանի պաշտպանական թիմից հայտնել են, որ իրենց միջնորդությունը պայմանավորված է  համաճարակային իրավիճակով: Հաջորդ դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:

Անցած գիշեր 1-ն անց 19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից: Դեպքի վայր հասած փրկարարները կանխել են ոմն Գուրգենի ինքնասպանության փորձը: Նրան տեղափոխել են ոստիկանության բաժին:

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կշարունակի մրցելույթները մայրաքաղաքային թիմի կազմում մինչև վերսկսվելիք մրցաշրջանի ավարտ: Անգլիական  «Սան» թերթի տեղեկություններով՝ «Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» հետ Մխիթարյանի վարձակալական պայմանագիրն անորոշ ժամանակով երկարաձգելու հարցում:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.06 դրամով ու կազմել է 479.81 դրամ:  Եվրոյի փոխարժեքը մնացել է անփոփոխ՝ 520.93 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.20 դրամով ու  կազմել  593.29 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով  ու կազմել 6.26 դրամ։

Ապրիլի 23-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ամպրոպ, կարկուտ: Օդի ջերմաստիճանը կնազի 8-10 աստիճանով: Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +10+12: