Չինական Xinhua լրատվական գործակալությունը LEGO-ի ոճով կարճ երգիծական մուլտֆիլմ է հրապարակել, որում ծաղրում է Միացյալ Նահանգների դիրքորոշումը կորոնավիրուսի հետ կապված: Մուլտֆիլմը կոչվում է «Once upon a virus...» (Կար-չկար մի վրուս):
Մուլտֆիլմում LEGO-ի կերպարների միջեւ բանավոր առճակատումն է, որոնց մի մասը մարմնավորում է չինական կողմին (տեռակոտային բանակը), իսկ մյուս մասը (ավելի ճիշտ` Ազատության արձանի տեսքով կերպարը)` ամերիկյան: Մուլտֆիլմը ստեղծած չինացիները ծաղրել են ԱՄՆ-ի դիրքորոշումը COVID-19-ի վերաբերյալ, որը մի քանի անգամ փոխվել է համավարակի ընթացքում, ինչպես նաեւ ծաղրել են կորոնավիրուսի դեմ պայքարի ԱՄՆ կառավարության առաջարկած միջոցների անարդյունավետությունը:
Ազատության արձանն ասում է, որ կորոնավիրուսը սովորական մրսածությունից ավելի վտանգավոր չէ, չի համաձայնում բժշկական դիմակ կրել եւ հետեւել ինքնամեկուսացման կանոններին` նշելով, որ դա մարդու իրավունքների խախտում է, քննադատում է կորոնավիրուսով հիվանդների համար հիվանդանոցների կառուցումը` դրանք համակենտրոնացման ճամբարներ անվանելով եւ այլն: Ի վերջո, ամերիկյան հերոսը գիտակցում է իրավիճակի լրջությունը եւ փոխում է իր դիրքորոշումը, բայց արդեն ուշ է. վիրուսը խոցել է Միացյալ Նահանգները:
Մուլտֆիլմը թողարկվել է ի պատասխան ԱՄՆ հայտարարություններին, որոնք Չինաստանին մեղադրում են COVID-19-ի բռնկման մասին տեղեկատվությունը թաքցնելու մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունում նշել էին, որ չինական կողմն ամենասկզբից հավաստի տեղեկություններ է հրապարակել COVID-19-ի համավարակի վերաբերյալ:











